Foto

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստին չէր ներկայացել մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ով բոյկոտել էր այսօրվա դատական նիստը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ստացվել է Միհրան Պողոսյանի դիմումը, որում նա նշում է, որ չի կարող ներկայանալ նիստին՝ հաշվի առնելով այն, որ դատարանն այս գործի քննության ընթացքում չի ապահովում մրցակցության սկզբունքը: Ըստ նրա՝ պաշտպանության կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում, փաստաբանների հասցեին տուժողների իրավահաջորդների կողմից սպառնալիքի վերաբերյալ դատարանի կողմից որևէ գործողություն չի իրականցվում: Ըստ փաստաբանի՝ պաշտպանության կողմը նաև զրկվում է պաշտպանություն իրականացնելու ողջամիտ հնարավորությունից: Դատավոր Աննա Դանիբեկյանը Յուրի Խաչատուրովին նախազգուշացրեց, որ եթե պաշտպանը երեք նիստի չներկայանա, պետք է այլ պաշտպան ներգրավել գործում:

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ սա ակնհայտ ցուցադրական քայլ է: «Մենք չենք ընդունում Միհրան Պողոսյանի հայցած ներողությունը, որովհետև դատական նիստին չի ներկայացել առանց որևէ պատշաճ հիմնավորման: Դատական նիստերը մրցակցության սկզբունքի խախտմամբ անցկացնելու մասին հայտարարությունները մերկապարանոց են: Դատարանում հնչած սպառնալիքների վերաբերյալ հայտարարությունները ևս կեղծ են»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը: Նա միջնորդեց պաշտպան Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել, սակայն դատարանը միջնորդությունը մերժեց:

Պաշտպանական կողմը որպես սպառնալիք է դիտարկել Մարտի 1-ի զոհերից մեկի հոր՝ Էդիկ Հարությունյանի՝ նախորդ դատական նիստում արած հայտարարությունը, թե «հարգեք Մարտի 1-ի դեպքերը, թե չէ մեր օրը կընկնես»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին ասաց, որ իրենք դատական նիստի են գալիս ոչ թե ձևական կողմն ապահովելու, այլ աշխատելու:

«Եվ եթե մթնոլորտն այդպիսին է, ուրեմն այստեղ չենք կարողանա լիարժեք աշխատել: Եթե մենք պետք է սպասենք, թե մեր միջնորդությունից հետո ով ինչ սպառնալիք կամ անհաջող արտահայտություն կկիրառի, սա աշխատանք չէ, դատական նիստ չէ: Եթե դատարանն իր գործողություններով ցույց չտվեց, որ այսուհետ անհնարին է նման միջադեպը դահլիճում, մենք կմտածենք, թե ինչ անենք: Դատարանը պետք է ապահովի դատավարության բնականոն ընթացքը, այն ինչ տեղի է ունենում վերջին շրջանում դատարանի դահլիճում, բնական ընթացք համարվել չի կարող, դատարանն իր դերում չէ»,- հայտարարեց Ալումյանը: