Վարչապետի աներձագ, համատեղությամբ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի մեջ: Թվում է, թե այս նախկին դերասանի ասածներին այլևս ուշադրություն դարձնել պետք չէ, բայց սա մի նախանձելի համառությամբ շարունակում է նետվել լրատվական առաջին սյունակները, առանց հետևանքների մասին պատկերացում ունենալու: Ամենավատն այն է որ որ այդ վատ հետևանքները իրեն ավելի քիչ են վերաբերվում, որովհետև «ժավելով լողանալը» իրենց շրջանակներում դեռ ոչ ոք չի չեղաչկել: Առավել վտանգավոր է, երբ նման բոբիկ հայտարարություններով խաթարում են երկրի և պետականության հիմքերը:
Ինչպե՞ս՝ տեսե՛ք: Ի պաշտոնե ԱԺ պատգամավորը երկրի անվտանգային համակարգի կարևորագույն դեմքին պետական հեղաշրջման մեջ մեղադրելով, նախ հարցականի տակ է դնում այդ համակարգն ամբողջությամբ, որովհետև եթե իրականում նման բան գույություն ունի, ապա Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց պետք է համապատասխան վարույթ սկսած լիներ: Այդպիսի գործընթացի մասին ոչ մի տեղեկատվություն չկա, նույնիսկ եթե կա և այն գաղտնի է, ապա սույն սուբյեկտը պետական գաղտնիք է հրապարակում և արդեն ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի: Եթե չի ենթարկվում, ապա համապատասխան մարմինները կոմպետենտ չեն: Հենց այդ ոչ կոմպետենտությունն է առաջին սպառնալիքը: Հաջորդ սպառնալիքն այն է, որ պետական հեղաշրջումները մեկ մարդով չեն լինում, և դրա մասնակիցները հիմնականում պետական ապարատից են: Գուցե Նիկոլ Փաշինյանը դա՞ էր ակնարկում, երբ հայտարարում էր, որ ապարատը խոչնդոտում է բարեփոխումներին: Այդ դեպքում ո՞ւր են այս իշխանությունների կողմից այդքան սիրված աղմկոտ «բացահայտումներն» ու ձերբակալությունները, պաշտոնանկությունները: Գուցե Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությունն այդ շարքի՞ց էր, բայց դա «սևերի» կողմից միանշանակ ողջունվեց, ինչը դժվար է ասել «սպիտակների» ճամբարի մասին: Է՞լ ինչ է եղել, որ կհուշեր, թե վարչապետը փորձում է լոկալիզացնել վտանգը: Հազիվ թե երկրի տնտեսական ցուցանիշների կամայական մեկնաբանություններն ու Բրեգովիչի բարձր հովանու ներքո Հանրապետության հրապարակը լցնելն այդ շաքից է: Ըստ այդմ՝ ինքը վարչապետն էլ ոչինչ չի անում, որպեսզի չեզոքացնի դավադրությունը: Սա արդեն վարչապետի կոմպետետնտության ինդիկատոր է:
Ամփոփելով՝ պետք է ազնիվ լինենք ու հայտարարենք, որ աներձագ պատգամավորն անտաղանդ բանսարկու է, լավագույն դեպքում հարազատների ընտանիքի շահերի ապաշնորհ պաշտպան: Բայց մեր կարծիքը մեր երկրի ու պետության հակառակորդներին չի էլ հետաքրքրում, որովհետև յուրաքանչյուր այսպիսի «բարձր» կարծիք շատ գրագետ օգտագործում են մեր դեմ:
Հ.Գ.
Պարադոքս է, բայց Հրաչյա Հակոբյանին հիմա կարող է փրկել միայն Արթուր Վանեցյանը, եթե դատի չտա զրպարտության համար: Իմ կարծիքով՝ կփրկի, բայց դրանից բան չի փոխվի: