Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2020 թվականի հերթական առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է բոլորին աշխատանքային տարվա մեկնարկի առիթով: «Կարծում եմ՝ 2019 թվականը իսկապես հաջողված տարի էր, և 2018-2019 թվականների ընթացքում, ըստ էության, մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, և 2020 թվականը պետք է մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա: Ես կարծում եմ նաև, որ 2020 թվականը բավական լավ ենք սկսել, և այն նոր կամ նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ըստ էության, արդարացրեց իրեն, և ամանորյա օրերին և ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանի փողոցներում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, թվերը դեռ ամփոփված չեն, բայց առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է, և պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված: Եվ ես կարծում եմ, որ նաև 2018-2019 թվականների փորձը հաշվի առնելով և այն, որ, ըստ էության, մեզ համար ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել:Եվ ընդհանրապես, տարվա միջոցառումները պարզ են մեզ համար, օրացույցը՝ սեպտեմբերի 21, այլ միջոցառումներ, այս տարի մենք պլանավորում ենք յարխուշտայի փառատոն սկսել Հայաստանի Հանրապետությունում: Այդ ամենն ինչի համար եմ ասում՝ պետք է պլանավորել և մրցութային նորմալ ընթացակարգերով իրականացնել ամբողջ միջոցառումները և եթե չբացառել, առնվազն նվազագույնի հասցնել մեկ անձից գնումների պրակտիկան: Եվ ուզում եմ ասել, որ այս կարգի ներդրումները տնտեսապես արդարացնելու են իրենց առնվազն, եթե չեն արդարացրել արդեն»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև երկրում տուրիզմի զարգացման հարցին և նշել, որ 2020 թվականն զբոսաշրջային առումով լինելու է ավելի լավ տարի, ինչի համար կան հստակ ազդակներ: «Մենք բոլորս սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու, և դրա համար կան կոնկրետ ազդակներ՝ դրա մասին մտածելու: Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստանի Հանրապետություն, մյուս շաբաթ արդեն «Ryanair» ընկերությունն առաջին չվերթը կիրականացնի, և այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային մամուլում, ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց ընթերցողներին, լսարանին խորհուրդ են տալիս Հայաստանն ընտրել որպես 2020 թվականի հիմնական զբոսաշրջային ուղղություն: Այս ամեն ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ մասնավորապես, մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու և սպասարկման որակի հարցը լուծելու առումով»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է մշակել ծրագրեր՝ զբոսաշրջիկների հետ առնչվող բոլոր օղակներում շփման որոշակի մշակույթ սերմանելու և այն սովորական երևույթ դարձնելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի: «Նույնպես օդանավակայանի տարածքից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել, և Երևանում: Եվ ընդհանրապես, այն տեսարանները, որոնք դեռ շարունակում են, ցավոք Հայաստանի օդանավակայաններում շատ հաճախ կարելի է հանդիպել, երբ օդանավակայանի անցագրային և մաքսային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից»:
Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել թվարկած խնդիրների լուծման առումով: «Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ՝ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին, որովհետև սա շատ կարևոր է՝ ոչ միայն այսօրվա առումով, այլև երկարաժամկետ կտրվածքով»:
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրապետության տարբեր օբյեկտների սանհանգույցների խնդրին: «Տեսնում ես՝ որևէ տեղ բացված է 5-հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են և այլն, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է, թե, ասենք, աղետյալ ինչ-որ մի շրջանում ես գտնվում: Մարդիկ 100 հազար դոլար են ներդնում ինչ-որ մի շենք կառուցելու համար, ու հետո հասկանում ես, որ ալարել են 200 դոլար ներդնեն, որ այդ տարածքը սանհանգույց ունենա՝ ոչ միայն մաքուր լինելու առումով, այլև քաղաքաշինության առումով: Ընդ որում այդտեղ էլ պետք է ստանդարտներ ունենանք: Այսինքն՝ մենք պետք է մարդկանց հստակ ասենք՝ չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել, ռեստորան կառուցել և ենթադրենք ալարել 50 դոլար ավելի ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար: Դա իսկապես քաղաքակրթական խնդիր է; Այս հարցը ոչ միայն սանիտարական, այլև քաղաքաշինական նորմերի հարց է»,- ասել է գործադիրի ղեկավարը: