Կենտրոն հեռուստաընկերության լրագրողների վրա Հովտաշատ (առաջ՝ Մեյմանդար) գյուղում կատարված հարձակումը իրավապահների կողմից համարժեք արձագանք կստանա, եթե դա 5-րդ ալիքի սեփականատիրոջ ձերբակալման հետ նույն՝ լրատվամիջոցներին «դնջացնելու» օպերայից չէ: Բայս խոսքս ավելի շատ վերաբերվում է մի արատավոր երևույթի, որը կարծես Հայաստանը թողել էր 90-ականների սկզբներում: Բանն այն է, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ դրդապատճառներով փորձել են գրավել ուրիշի սեփականությունը, իբր դա իրենց տարածքի մեջ է, ուրեմն իրենցն է, ուրեմն միջի ձուկն էլ է իրենցը:
Հովհաննես Թումանյանի (չշփոթել Նար-Դոսի հետ) մի պատմվածք ուներ, որի «շուստրի» հերոսը ամեն օր գալիս էի կկվի բնան մոտ՝ թե «էս սարն իմն է, էս ծառն իմն է…»: Մենք մեր պատմության ոչ վաղ անցյալում դա արդեն տեսել ենք 90-ականների սկզբին, երբ անթրաշ տղերքը (տարօրինակ զուգադիպություն) տեղային զոռբայությամբ դեռևս պետական սեփականությունն ու ուրիշների կոոպերատիվներն էին խլում: Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներից այս վայրի սեփականաշնորհումը (թալանն ու ռեկետը) թերևս կարող է մրցել միայն նույն տարիների մթի ու ցրտի հետ: Այդպես թալանեցին ու հետագայում վաուչերով սեփականացրին քիմիական գործարանները, ավտոպարկերը, բուժհաստատություններն ու ամեն ինչ, ինչ գտնվում էր ձեռքի ու «դուխի» հասանելության սահմաններում: Այդպես նույնիսկ «սեփականաշնորհվեցին» Սևանը, Խոսրովի ու մյուս անտառները, որոնք մինչև հիմա չի հաջողվում ազատագրել որսագողերից ու թալանչիներից: Ամենատարօրինակն այն է, որ այն ժամանակ էլ, հիմա էլ դա որոշ շրջանակներում արդարացվում է ծանր սոցիալական պայմաններով, տեղական պսևդոպահանջատիրությամբ, պետության ու իրավապահ համակարգի աչքի առաջ:
Այսօր երկիրը կանգնած է «Մեյմանդարի» ինքնավար հանրապետության ստեղծման փաստի առաջ, բայց վաղը նորատուսցիները կհիշեն, որ «ծովըն» իրենցն է, դիլիջանցիներն ու իջևանցիները անտառները կհիշեն, իսկ լիսկաները Գորիսում «շլամբավո» կդնեն: Մյուս կողմից ի՞նչ սպասել հարևան պողոսից, երբ նույն զոռբայությամբ կառավարությունն է կուլակաթափություն անում, դատարաններն ու խորհրդարանը «սեփականաշնորհում»:
Այնպես որ՝ բարի գալուստ «նոր հին Հայաստան»: