Foto

Անձի երկվությունն ու թարգմանչական վրիպակը

Երեկ մի դիտարկում էի արել, որ կառավարության նիստերին խոսող և երկիրը կառավարող փաշինյանները կարծես տարբեր մարդիկ լինեն, որովհետև ասածների ու արածների մեջ տրամագծային տարբերություններ կան: Պարզվում է, որ անձի այդօրինակ երկվությունը միայն Փաշինյանի մոտ չէ:

Մասնավորապես երեկ, երկար սպասումից հետո, վերջապես հրապարակվեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի տեքստը ԵԱՀԿ նախարարական համաժողովում: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ օրը կայացած հանդիպման վերաբերյալ մեր արտաքին գերատեսչության տարածած անատամ (Ադրբեջանի վեջնագրային փաստաթղթի համեմատությամբ) հայտարարությունից հետո այնպիսի տպավորություն էր, թե մեր ԱԳՆ-ն ինտրիգը պահելու համար այդպես վարվեց: Նույնիսկ սպասում էի, որ հիմա իշխանական քարոզչությունը կսկսի, թե՝ «տեսանք ընդդիմության իրական կերպարը, դեռ ջուրը չտեսած բոբիկացան, քննադատեցին հանիրավի, սև են» և այլն: Բայց պարզվեց, որ ժամանակը ոչ թե ինտրիգի, այլ նախարարի ելույթում մի քանի տող ավելացնելու համար էր:

Ո՞ւմ է սա պետք, մե՞զ՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի՞ն, մեր արտաքին գործընկերների՞ն, թե՞ մեր հակառակորդին: Մեր տարբերակը չի աշխատում, որովհետև նախ անգլերեն գիտենք, և երկրորդ՝ եթե դա արվում է մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու և դրանով մեր գործընկերներին համոզելու, թե սրանով մեր ժողովրդի մոտ կրքերն են հանգստացնում ու խաղաղության նախապատրաստում, ապա վատագույն տարբերակն է ընտրվել: Մեր գործընկերներն էլ լավ գիտեն, թե ինչ է ասել Մնացականյանը և իրենց համար դա՛ է կարևոր, դա՛ են արձանագրել, իսկ մնացյալը գեղարվեստական գրականություն է: Այլ է մեր հակառակորդի դեպքում, որն ամեն պատեհ ու անպատեղ առիթներով մեզ ամենուր, հատկապես իր ներքին լսարանին ներկայացնում է որպես զավթիչ, անհուսալի և հնարավոր վտանգ: Հիմա Զոհրաբ Մնացականյանի անձի այս երկվությունը (չեմ ընդունում, որ թարգմանության սխալ կա, Օսկանյանի ականջը կանչի) ո՞ւմ ջրաղացին ջուր լցրեց: Մեզ դա ոչինչ չտվեց, բայց Բաքուն արդեն դա կներկայացնի որպես հերթական կեղծիք՝ դրանից բխող բոլոր տրամաբանական հետևանքներով:

Մեր կառավարողները պետք է հասկանան և ընբռնեն, որ անկախ իրենց կամքից, Հայաստանը եղել է ու կա Արցախի անվտանգության երաշխավորը, որովհետև ինքը՝ Արցախը Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է և մեր զավակները չեն զոհվում «հանուն ոչնչի»: Դրա մասին մտքում ասելը եղանակ չի փոխում, միայն այդ իշխանությունների հանդեպ կասկածներն ու անվստահությունն է բազմապատկում: Մյուս կողմից շատ աղոտ եմ պատկերացնում խաղաղության նախապատրաստվելու մեր ջանքերը այն դեպքում, երբ Ադրբեջանը սևով սպիտակի (չհասկանալ հեղափոխական վարչապետի) վրա  գրել է, որ մեր կարծիքն ու մոտեցումներն իրեն չեն հետաքրքրում, ինքը գործում է իր օրակարգի հիման վրա և դրա մեջ արդեն Սյունիքն է: Հիմա մեզ ո՞ր խաղաղությանն են նախապատրաստում մեր իշխանավորները: Այն խաղաությանը, որտեղ Արցախ ու Հայաստան վերադարձած ադրբեջանցինե՞րն, որտեղ Արցախը ադրբեջանակա՞ն է, թե՞ որտեղ իրենք են իրենց «նոբելյան մրցանակներով»:

Հ. Գ.

Որպես լրագրող չէի ցանկանա լինել Բաքվում ոչ թե այն պատճառով, որ վախենում եմ իրենցից, այլ նրա, թե ի՞նչ պետք պատասխանեմ, եթե մեկնումեկը հարցնի. «ինչո՞ւ է ձեր նախարարը ասում մի բան, րապարակում՝ այլ բան»:  

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան