Foto

Նախարարն արդեն սակարկում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին խոսել է առողջության հարկի մասին: Թեև վերջին օրերի խիստ քննադատությունն իր ազդեցությունն ունեցել է և նախարարն արդեն կասկածում է, որ այն կներդրվի, կամ կներդրվի մոտակա 3-4 տարիների ընթացքում, բայց հարկի տրամաբանությունից կարծես չի հրաժարվում: Նախարարը շարունակում է պնդել, որ հարկը պետք է վճարեն աշխատողները, սակարկում է ժամկետների և տոկոսների շուրջ, մոռանալով ամենագլխավորը: Իսկ գլխավորն այն է, որ Հայաստանում ոչ բոլոր աշխատողներն են հարկ վճարում, ոչ բոլորն են աշխատում ստվերից դուրս և ոչ բոլորն են բավական վաստակում, որպեսզի առողջության հարկ վճարեն իրենց և չաշխատողների համար:

Հենց այդ առկա աշխատողների և նրանց եկամուտների հաշվարկով է գոյացել այն տոկոսը, որ առաջարկվում է հարկել, ինչն ավելի է խորացնում մտահոգությունները: Որպեսզի աշխատող քաղաքացիների հարկման տոկոսը նվազի, հարկավոր է սվերից հանել առկա բոլոր աշխատատեղերը և ստեղծել նորերը: Այդ դեպքում և՛ վճարողները բավարարված կլինեն, և՛ չաշխատողների մի մասի հարցը կլուծվի ինքնաբերաբար: Բայց ստվերի դեմ պայքարը կարծես չի ստացվում և արդեն հեղափոխական կառավարությունն է մխրճվում այդ ստվերի մեջ (օրինակ՝ քաղաքապետարանի ԿամԱզ-ները):

Մի շատ կարևոր համգամանք, որ դուրս է մնում քննարկումների շրջանակից՝ երկրում առկա աշխատունակ բնակչության թիվը: Տարիներ շարունակ խոսվում է ահագնացող արտագաղթի հնարավոր բացասական հետևանքների մասին: Արդեն այսօր աշխատող և հավելյալ արժեք ստեղծող քաղաքացու վճարած հարկերը հազիվ են բավարարում նվազագույն կենսաթոշակ, բյուջետայինների աշխատավարձ վճարելուն, որովհետև ոչ միայն աշխատավարձերն են քիչ, այլև հենց աշխատողները: Թե՛ նախկինում, թե՛ հիմա գրեթե ոչինչ չի արվում կանգնեցնել արտագաղթը: Փոխարենը թվեր ու վիճակագրություն է ներկայացվում, որն ավելի է մթագնում իրավիճակը: Նույնիսկ նվազագույն թվաբանական ունակությունների տեր մարդը կարող է հեշտությամբ ապացուցել, որ 2 միլիոնից 10 տոկոսի արտագաղթը որակապես ավելի վտանգավոր ու մտահոգիչ է, քան 3 միլիոնից 10 տոկոսինը: Համեմատական վիճակագրությունն այս դեպքում չի արտացոլում իրական վտանգի չափը: Իշխանությունները դա գիտեն, բայց պողոսներին թվերով կերակրել է պետք, պողոսներին աշխատող քաղաքացիների հարկերի հաշվին պահել և հրապարակներում նրանց աջակցությունն ապահովել է պետք: Դար համար էլ հայտարարվում է, որ արտագաղթը 95 տոկոսով նվազել է:

Լավ, իսկ աշխատող և հարկեր վճարող քաղաքացիների համար պետությունն ի՞նչ է անում, նրանց թվեր պետք չեն, արդյունք են ակնկալում:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան