Foto

Յուրայիններին՝ միայն «վախեցնել»

ՀՔԾ ծառայողի օրվա հանդիսավոր արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդ ծառայության գործը պետք է լինի ոչ միայն և ոչ այնքան նախկին այլև ներկա պաշտոնյաների հանցանքների բացահայտումը: Թեև հայտարարվել է, որ երկրում զանգով արդարադատություն չի իրականացվում կամ քրեական գործեր չեն հարուցվում, բայց գաղտնիք չէ, որ վարչապետի ելույթների հիմնական դրույթները իրավապահ ու դատական համակարգի համար ԽՄԿԿ համագումարի որոշումներին հավասար ազդեցություն և նշանակություն ունեն: Ըստ այդմ կարելի է ենթադրել, որ շուտով քննչական մարմինների ուշադրության կենտրոնում կարող են ներկա իշխանավորների անուններ հայտնվել, մանավանդ որ ինքը՝ վարչապետը հայտարարեց, որ պաշտոնյաները բդեշխանալու բարդույթ ունեն նաև այսօր:

Այս լույսի ներքո արդյո՞ք Արարատի մարզպետի և իր վարսավիրի միջադեպը կարժանանա ՀՔԾ ուշադրությանը, երբ Վայոց Ձորի մարզպետի գործը ծածկադմփոց արվեց նույն ծառայության կողմից: Արդյո՞ք Երևանի քաղաքապետի ԿամԱԶ-ների պատմությունը արժանի գնահատական կստանա համապատասխան իրավական ընթացք, երբ այդտեղ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան և համառորեն չեն փարատվում: Այս հարցերի պատասխանները կոդավորված են Փաշինյանի նույն ելույթի մյուս հատվածում, երբ ասաց, որ «խոսքը միայն պատժողական քաղաքականության մասին չէ»: Արդյո՞ք սա հրահանգ չէ այն մասին, որ յուրայինների գեպքում միայն «վախեցնելն» էլ բավական է:

Ակնհայտ է, որ նոր Հայաստանի շատ պաշտոններում նշանակվել կամ ընտրվել են մարդիկ, ում փոխարեն փաստացի աշխատում է հենց ինքը՝ վարչապետը: Նրանց սխալների ու հանցանքների հիմնական պատասխանատուն անձամբ ինքն է և դրանով գուցե հենց իրե՞ն է ապահովագրում:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան