Foto

«Օլիմպոսի աստվածներն» այլևս հաշվետու չեն հպարտներիս

Երբ Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի պատմությունը հայտնի դարձավ նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներիս, «էյֆորիան» տեղում էր: Բայց երբ պարզվեց, որ այնքան էլ 30 չէ, այլ ՝ 18 միլիոն և դա չի մտնի բյուջե, քանզի այնպիսի բաների վրա պետք է ծախսվի, որ իմացողների հպարտությունը կարող է մի թեթև նսեմացնել, նույն «էյֆորիան» արդեն գնացել էր «հարևանի տուն՝ չայ խմելու»: Այս պատմությունը հիշարժան է ոչ թե նրանով, որ ձեռքի թեթև շարժումով 30-ը 18 դարձավ, այլ նրանով, որ նոր Հայաստանի քաղաքական ղեկավարությունն անուղղակի հայտարարեց, որ ունի ստվերային բյուջե: Շատերը կբերեն այլ փաստարկներ, իբր այդպես չէ, «սվերը մեր գործելաոճը չէ, մենք դեմ ենք ստվերին», բայց նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը, վերելակային «թափանցիկ» առնչությունները հակառակն են պնդում:

Բնականաբար այս ողջ ընթացքում «էյֆորիան» ոչ միայն չի դադարել դրսերում «չայ խմելը», այլև ընդհակառակը, հիմա ավելի քիչ է տեղում լինում, քան ցանկալի է: Եվ ի՞նչ, «էյֆորիան» տուն վերադարձնելու համար լուրջ քայլեր արվեցի՞ն:

Երևանի աղբահանության համար նվեր ստացած ԿԱՄԱԶ բեռնատարների պատմությունը հուշում է, որ «էյֆորիան» ոչ թե վերադարձվելու, այլ լրիվ մոռացության է տրվելու: Այլևս հարկ չկա քաղաքացիներին հաշվետվություն տալու, թե ինչ են անում աստվածներն Օլիմպոսում: Քաղաքապետն անկեղծորեն փորձում է հավատացնել, որ չի հիշում 20 ԿԱՄԱԶ-ի նվիրատուին կամ նվիրատուներին: Նկատենք, որ խոսքը ընդմիջման համար տված թեյավճարի մասին չէ, այլ մի տարի շարունակ աղտեղության մեջ կորած մայրաքաղաքի աղբը տեղափոխող ու նույն քաղաքապետի դեմքը պարզ անող մեքենայի: 20 հատ հատուկ կահավորությամբ բեռնատարը գիշերային լուսավորության 20 լամպ չէ, որ մոռանաս նվիրատուին:

Մի՞թե իշխանություններն այնպիսի գործարքների են գնում, որոնց մասին գերադասում են լռել, խայտառակվել, բայց գաղտնիքը պահել: Եթե մի 10 աշխատատեղ բացող ընկերությանը պատրաստ են հարկային արտոնություններ տրամադրել, ապա ինչո՞ւ չհրապարակել 20 ԿԱՄԱԶ նվիրաբերողի անունը: Գուցե, ինչպես պնդում են «հեղափոխության թշնամիները», այդտեղ իրո՞ք կոռուպցիա կա և կամ այդ գումարներն այն ստվերային բյուջեից են, որ ծախսվում է առանց որևէ մեկի վերահսկողության կամ որ ավելի ճիշտ է՝ միայն մեկի հսկողությամբ:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան