Հայաստանի իշխանությունները որոշել են նոր հարկատեսակ ներդնել՝ առողջապահության հարկ: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր վարձու աշխատողից կգանձվի նրա ստացած եկամտի 6 տոկոսը: Պատճառաբանությունը շատ վիճելի է, քանի որ այդպիսով փորձ է արվում լրացնել ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը (2021 թվականին այն կազմելու է 122.8 միլիարդ դրամ կամ 53.6%):
Նախ տարակուսանք է առաջացնում այն, որ առողջապահության հարկը գանձվելով քաղաքացու եկամտից, ուղիղ այդքանով ավելացնում է նրա կողմից վճարվող եկամտահարկը, այն եկամտահարկը, որի դիմաց քաղաքացին նաև որոշակի առողջապահական ծառայություններ է ստանում պետության կողմից: Ստացվում է, որ աշխատող քաղաքացին, որ արդեն անուղղակի վճարում է առողջապահական որոշակի ծառայություններ ստանալու համար, օրենքի ընդունումից հետո նոր հոդվածով նոր հարկ է վճարելու նույն բանի համար: Հարց է ծագում՝ իմա՞ստը...
Իսկ իմաստը բացահայտ գրված է՝ լրացնել ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը: Մեկ տարում 386 միլիոն դոլարով միջազգային պահուստները մեծացրած երկրի առողջապահական համակարգը չի՞ կարողանում կատարել իր ապահովագրական պարտականությունները և ստիպված է համընդհանոր հարկադրանքի միջոցո՞վ լրացնել այդ դեֆիցիտը: Իսկ գուցե խնդիրն ա՞յլ տեղ է:
Դիցուք՝ արդեն բժշկական ապահովագրություն ունեցող քաղաքացիներին ծառայություն մատուցելու համար ֆինանսական դեֆիցիտ կա: Եթե դա լրացնելու համար առողջապահության հարկ է մտցվում, այդ հարկը վճարող քաղաքացիներն ինքնաբերաբար դառնում են նույն ծառայության շահառուն: Այդ դեպքում ո՞վ պետք է փակի ա՛յդ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ֆինանսական դեֆիցիտի համար՝ հնդիկնե՞րը: Սա համընդհանուր բժշկական ապահովագրություն ներդնելու անուղղակի վատ փորձ է, այլապես ստացվում է, որ նույն ծավալի անվճար առողջապահական ծառայություն ստանալու համար քաղաքացին պետք է 6 տոկոս ավել եկամտահարկ վճարի: Հայտարարված գումարները չեն բավականացնում մեծ տարածում գտած և թանկ բուժվող հիվանդությունները մտցնել այդ ապահովագրական փաթեթ, այսինքն այդ ապահովագրությունը կրում է զուտ ձևական բնույթ: Մյուս կողմից այս կառավարությունը, «ի հեճուկս նախկինների» մի շարք հիվանդություններ այս տարի ավելացրեց պետպատվերում, մեծացրեց շահառուների շրջանակը և այստեղ էլ ֆինանսական խնդիրներ են ծագել: Չի բացառվում, որ ապագայում այդ ծավալի ծառայություններն ապահովելու համար հենց այդպիսի նոր հարկատեսակ պետք է ավելանա բնակչության համար:
Կարճ ասած՝ կառավարությունը «ձեռքբերումներ» արձանագրելու նպատակով կատարում է պոպուլիստական քայլեր, որոնց համար պոստֆակտում վճարում է երկրի քաղաքացին նոր հարկատեսակի ձևով: