Foto

«Տասը մնասի» տակը մնալու նուրբ արվեստը

Ես, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, աստվածաբան չեմ, բայց ի տարբերություն նրա, ինձ թուլ չեմ տա հրապարակային մեկնաբանել Սուրբ գիրքը: Փոխարենը չեմ պատրաստվում մեջս պահել այն կասկածները, որ ստացա Փաշինյանի «միլանյան քարոզի» ուղերձներից:

Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի, մասնավորապես՝ հայ, հայտարարեց որ մենք չպետք է վախենանք կորցնելուց: Այո, հայ ժողովուրդը բազմաթիվ կորուստներ է ունեցել իր գոյության հազարամյակների ընթացքում, այնքան, որ այսօր կանգնած է մի կրնկատեղ հողի վրա, երկու կողմից թշնամական երկրներով շրջափակված և հերթական կորուստը կարող է ճակատագրական լինել: Հիմա Փաշինյանի փաստաբաններն ու տեքստերի հեղինակները կասեն, թե ավետարանական առակի մեկնաբանությամբ վարչապետը նկատի ուներ հին իշխանությունների, ժողովրդի վերջին խնայողությունների, աշխատելու փոխարեն անգործ տունը նստելու հաճույքի կորուստը, բայց դա ընդամենը պոստֆակտում պրոզա է:

Իրականությունն  այն է, որ մեր ժողովուրդը ոչ մի անգամ չի վարանել կորցնել երկրորդականը, գլխավոր նպատակին հասնելու համար: Իսկ մեր ժողովրդի գլխավոր նպատակը մեր դատն է, մեր երկրի անվտանգությունն ու անկախությունը, մեր երեխաների ու ընտանիքների վաղվա օրը, որ համար մենք չենք խնայում ո՛չ գումար, ո՛չ ժամանակ, ոչ էլ նույնիսկ մեր կանքը: Ապրիլյան քառօրյան ու Արցախի հերոսամարտը գոնե Փաշինյանի համար տեսանել պատմական ժամանակի լավագույն օրինակներն են:

Բայս այս կորստյան կոնֆորմիզմի քարոզի տողերում ակնհայտ ուրիշ եզրեր են ընդգծվում. «Մենք վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մենք վախենում ենք կորցնել մեր մշակույթը, մենք վախենում ենք կորցնել մեր երկիրը և դրա արդյունքում իրականում կորցնում ենք, և մեր պատմությունը սա բազմիցս ցույց է տվել»:

Ուշադրություն, վարչապետը հստակ ու աներկբա նշում է այն, ինչն իր կարծիքով պետք է չվախենալ կորցնել՝ ինքնությունը, մշակույթը, երկիրը: Արդեն սովորական է դարձել, որ Նիկոլ Փաշինյանն իր չիմացության պատճառով կամ հատուկ դիտավորությամբ պատմական իրողությունները ներկայացնում է խեղաթյուրված: Եթե բուհում նա հայոց պատմությունը անցնելու փոխարեն սովորած լիներ, հիմա կիմանար, որ, երբ ժողովորդը տրվել է օտարածին հոսանքներին, կորցրել է իր մշակույթի մի մասը, արդյունքում մոռացել իր ինքնության մի կարևոր բաղադրիչ և վերջում կորցրել երկիրը կամ դրա մեծ մասը:

Հիմա, երբ փողոցներում պետական հովանավորությամբ ու ֆինանսավորմաբ այլասեռ պերֆորմանսներ են բեմադրվում, երբ բյուջեի վատնումն արդարացնելու, իր թիմակից նախարարի «հետույքը փրկելու» նպատակով նույն վարչապետն իր անձնական  հովանավորչության տակ է վերցնում սեռափոխ կեղծ հերոսին, մշակույթի և ինքնության մի մասը կորցնելու հստակ գիծ է դրվում: Դրանց հաջորդելու է երրորդ՝ երկրի կորուստը, որից ըստ վարչապետի առակաբանության, նույնպես վախենալ պետք չէ: Դա մի օրում չի լինում, նույնիսկ մեկ տարում և տևական գործընթաց է, բայց անխուսափելի: Նիկոլ Փաշինյանի հաշվարկը հենց դրա վրա է, որովհետև այդ ժամանակ այսօր իրեն Քրիստոսի հետ համեմատող վարչապետն արդեն հարություն առած և համբարձված կլինի և մեր սերունդները իրենից պատասխան չեն կարող պահանջել:  

Այսօրվա նրա օրակարգում մի բան է՝ ամեն գնով «պողոսին» կախարդած ու թոկը վզին դրած պահել՝ որպես իր միապետության ձգտող իշխանության հենարան:

Հ.Գ.

Սպասում եմ մեռելոցները ոչ աշխատանքային օր վերահռչակելուն:

Հ.Հ.Գ.

Կառավարությունն առաջարկում է ՍԴ անդամներին վաղաժամկետ թոշակի գնալ, պահպանելով աշխատավարձերը և այլ: Ես առաջարկում եմ այս կառավարության  ու վարչապետին նույն պայմաններով թոշակի ուղարկել: Մեր ժողովուրդը պատրաստ է այդ կորստին:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան