Վաշինգտոնում տեսնում են, որ ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է իր տարածաշրջանի մյուս երկրներից, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշեց Միացյալ Նահանգների սենատոր Ջեք Ռիդը՝ Վաշինգտոնում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար:
«Մենք ԱՄՆ-ում ունենք արտառոց հայ համայնք՝ այս երկրի յուրաքանչյուր նահանգի զարգացմանը հայ համայնքն իր նպաստն է բերել և բնական է, որ համայնքը հետաքրքրված է նաև իր պատմական հայրենիքի բարգավաճմամբ»:
Այսօր, «Թավշյա հեղափոխությունից» հետո կարելի է փաստել, որ Հայաստանն ինչպես նաև Միացյալ Նահանգները ժողովրդավարական պետություններ են և երկկողմ հարաբերությունները պետք է զարգացնեն հիմնվելով դրա վրա, նշում է սենատորը.
«Ի տարբերություն իր տարածաշրջանի, Հայաստանում մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն և մեր կողմից պետք է անենք ամեն բան՝ այդ ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար: Դա անելով մենք դրական ազդանշան կուղարկենք նաև բազմաթիվ այլ երկրներին»
Խորհրդարանական մեծամասնություն՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լիլիթ Մակունցը և Տաթևիկ Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանը, և «Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանը Վաշինգտոնում են հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամության խմբի համագործակցության շրջանակներում:
Մենք ուժեղ ենք, երբ աշխատում ենք միասին, հայ խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում նշում է կիբերանվտանգության և զինված ուժերի հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ կոնգրեսական Ջիմ Լանգևինը: Նրա խոսքով, ժողովրդավար Հայաստանն ԱՄՆ-ի հետ համագործակցելու շատ ավելի լայն հեռանկարներ ունի.
«Թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Հայաստանը ժողովրդավար պետություններ են այսօր, որտեղ քաղաքացիներն օգտվում են ազատ կամաարտահայտման իրավունքից, իսկ ժողովրդավար երկրները զարգանում են»:
ԱՄՆ-ի մայրաքաղաքում քննարկվող համագործակցության ուղղությունները բազմազան են՝ կիբերանվտանգությունից մինչև քաղաքական հարաբերությունների խորացման հեռանկարներ: Միջազգային հանրապետական ինստիտուտում մասնավորապես քննարկվել են թափանցիկ կառավարման զարգացման հարցերը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է ինստիտուտի նախագահ Դոկտոր Դենիել Թվինինգը.
«Ժողովրդավարության զարգացման իրական աշխատանքը Հայաստանում սկսվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո միայն, երբ քաղաքացիները իրականում հնարավորություն ստացան հասցնել իրենց պահանջները իշխանություններին»:
Հայ խորհրդարանականներն այցով Կոնգրեսում են շատերի կողմից պատմական համարվող ժամանակաշրջանում: Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատում սկսվել են նախագահ Թրամփի պաշտոնանկության գործընթացի բաց լսումները: Չնայած գերզբաղված ժամանակացույցի, սենատոր Էդ Մարքին հայկական պատվիրակության հետ քննարկեց արտաքին ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները.
«Ես նաև ջանք չեմ խնայելու, որպեսզի մենք կարողանանք նաև ԱՄՆ-ի Սենատում անցկացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև հենց այս տարի»: