Այն ինչ Նիկոլ Փաշինյանը արեց Դիվանագիտական դպրոցի ճանապարհին, ամբողջությամբ արտացոլում է Հայաստանի այս կառավարության «ազգային դեմքը»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս կառավարությունը գույություն ունեցածների մեջ ամենաազգայինն է: Միայն վերջին օրերի մի քանի իրադարձությունների հպանցիկ վերլուծությունը կամ դիտարկումը բավական է, որպեսզի հասկանանք, թե ինչ է պատկերացնում ՀՀ վարչապետը «ազգային» ասելով:
Նախ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լուռ համաձայնեց, որ Արցախն ընդամենը հայերով բնակեցված տարածք է, այնուհետև Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ եվրոպական պաշտոնյաների հետ ԱԺ-ում քննարկումներն անցկացվեցին փակ դռների ետևում: Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանում կազմակերպված պերֆորմանսը պարզվեց, որ իրականացվել է պետբյուջեի հաշվին, այսինքն արտահայտում է կառավարության տեսլականը ազգային մշակույթի ոլորտում: Բուհերի պարտադիր ծրագրից հայոց լեզվի և պատմության դասաժամերը հանելը, Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի ֆինանսավորումը գալիս են լրացնելու «ազգային» կերպարը:
Ինչպես Զոհրաբ Մնացականյանի դեպքում, Արայիկ Հարությունյանի դեպքում էլ չէի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կպաշտպանի իր նախարարին՝ խմբի անդամին: Բայց որ դա կարվի հայերին կովկասյան ժաղավուրդների շարքում դնելով (ոչինչ չունեմ այդ ժողովուրդների դեմ), ֆիլմի ֆինանսավորումն անտրամաբանական հիմնավորումներով արդարացնելով, իբր ֆինանսավորում ենք (են) միայն չեմպիոնության մասով, նույնիսկ իմ երևակայությունից էր դուրս:
Այդ է պատճառը, որ հասարակության ճնշող մեծամասնությունը, թեկուզ ենթագիտակցորեն, դեմ է հայագիտական առարկաների հեռացմանը (կամ դրանք բուհերի գիտխորհուրդների հայեցողությանը թողնելը)բուհական ծրագրերից: Կյանքը ցույց է տալիս, որ անգամ կառավարության անդամները ընդհուպ դպրոցական ծրագրից քննություն հանձնելու կարիք ունեն:
Սովորաբար, նման դեպքերում ասում են, որ դեռ հարցը կքննարկվի, դեռ նախարարը հնարավորություն կունենա ավելի մատչելի ներկայացնել իր տեսակետները և այլն: Բայց փոխարենը մենք ականատես եղանք «մեր դեմ խաղ չկա» գործելակերպի միանշանակ դրսևորմանը: