Foto

Ֆլեշմոբի տակտիկան կամ ինչպես վանել ներդրումները Հայաստանից

Ֆեյբուքյան լայվերին փոխարինման են գալիս ֆլեշմոբերը: Ժողովրդական ասացվածքը հուշում է. «Ինչքան էլ որ շաքար ասես, բերանդ չի քաղցրանա»: Որքան էլ որ խոսես օջախի ու հայրենիքի մասին, դրանից օջախում երեխաները չեն կշտանա, իսկ հայրենիքը չի հզորանա: Այո, խոսքս Վարչապետ Փաշինյանի ֆլեշմոբի մասին է, բայց կոնկրետ օրինակով:

Բոլորովին վերջերս Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին եկել բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրների կառավարական շրջանակների ներկայացուցիչներ՝ քննարկելու Հայաստանում ներդրումներ բերելու, ժամանակակից տեխնոլոգիաներն այստեղ կիրառելու իրապես ազնիվ մղումներով: Մասնավորապես ռուսաստանաբնակ մի հայ գործարար, լսելով հաջորդ տարի Հայաստանում սպասվող ճանապարհաշինական բումի մասին, մեր կառավարությանը փորձել է ներկայացնել նոր տեխնոլոգիա, որն արդեն կիրառվում է իր ընկերության կողմից, ունի բազմաթիվ առավելություններ և, վերջապես, հավատացել է վարչապետի կոչին և իր ընկերության հնարավորությունները ցանկանում է օգտագործել պատմական հայրենիքում, ներդրուներ կատարել:

Այսպես՝ գործարարն իր առաջարկով դիմել է Տարածքային կառավարման նախարարությանը, Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, բազմաթիվ այլ չինովնիկների, բայց խնդրել են այդ հարցով իրենց չանհանգստացնել: Պատճառները կարող են շատ լինել, բայց առերևույթ երկուսն են՝ կա՛մ նախարարներն ու նրանց ենթակաները շահագրգռված չեն ներդրումներով ու տնտեսության զարգացմամբ, կա՛մ ճանապարհաշինական բումի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները հերթական ֆլեշմոբն են, իսկ կառավարությունում դա գիտեն, ուղղակի չեն բարձրաձայնում, որ գլխավոր խորհրդական չնշանակվեն:

Գործարարի անունն իր խնդրանքով դեռևս չեմ հրապարակում, որովհետև ինքը դրա մասին պատրաստվում է բաց նամակով հայտնել Նիկոլ Փաշինյանին: Ես հարգում եմ վարչապետին հավատալու գործարարի իրավունքը, բայց այսօրվա օջախային ֆլեշմոբից հետո շանսերը մոտենում են զրոյի:

 

foto
Author: Eduard Saribekyan