ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները շրջայցեր, ուսումնասիրություններ և վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք հասցեներում:
Մասնավորապես՝ կատարված շրջայցերի, դիտարկումների և ուսումնասիրությունների ընթացքում Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, որ առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Չարենցի 12/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողամասում ապօրինի կառուցվել է հանդիսությունների սրահ՝ առանց համապատասխան թույլտվության, Սիսիան-Երևան մայրուղի թիվ 7 հասցեում գտնվող սեփականության իրավունքով համայնքին պատկանող հողամասի տարածքում ապօրինի կառուցվել է սննդի սպասարկման կետ՝ առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Սիսական փողոցի 50/33 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողամասում իրականացվել է ապօրինի շինարարություն՝ կառուցելով ավտոտեխսպասարկման կետ, Սիսիան քաղաքի Որոտան փողոցի 1-1/1 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Սիսիան համայնքին պատկանող հողամասում կատարվել է ապօրինի շինարարություն՝ կառուցելով սննդի սպասարկման կետ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով՝ առանց համապատասխան թույլտվության ապօրինի շինարարություն կատարելու փաստի վերաբերյալ տեղեկացվել է համայնքի ղեկավարին՝ ապօրինի շինարարություն իրականացնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Հավելենք, որ Սյունիքի մարզի տարածքում Տեսչական մարմնի կողմից նմանատիպ շրջայցերը և ուսումնասիրությունները կրելու են շարունակական բնույթ: