Դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը հնչեցրեց քաղաքացիների անուն, ազգանուններ, որոնք, ըստ դատավորի, քրեական գործով հանդես են գալիս տուժողներ կամ նրանց ներկայացուցիչներ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներողություն խնդրեց այդ մարդկանցից, ասաց՝ անհարգալից վերաբերմունք չդիտվի իր խոսքը որևէ մեկի նկատմամբ։
«Խորապես ցավակցում եմ բոլորին, բայց պիտի ֆիքսենք մի բան, որ մինչև այսօր որևէ գործ դեռ չի քննվում, որտեղ քննարկվի զոհերի սպանության հարցը։ Իմ համոզմամբ, միայն այդ գործով տուժողների իրավահաջորդները կարող են մասնակցել։ Հավասարապես այս գործը չի քննվում մարմնական վնասվածքներ ստացած մարդկանց մարմնական վնասվածքներ ստանալու պարագաների շուրջ։ Միայն այդ գործով այդ անձինք կարող են ճանաչվել ու հանդես գալ որպես տուժող»,-ասաց Հայկ Ալումյանը՝ հիշեցնելով, որ գործը քննվում է Քրեական հոդվածի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալման շրջանակում։
Փաստաբանը նկատեց, որ այդ գործով կարող է տուժող լինել Հայաստանի 3 մլն բնակչությունը, իսկ այդ տրամաբանությամբ դատարան պետք է բերվի 3 մլն տուժող։
«Այս գործով պետք է տուժող չլինի։ Քննվում է նաև կաշառքի գործ, իսկ այսօր այստեղ հրավիրված հարգարժան անձանցից ոչ ոք այդ մեղադրանքով նույնպես տուժող չի ու չի կարող լինել։ Այս գործով հիմա տուժող լինել չի կարող»,-նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ հետևաբար չեն կարող լինել տուժողների ներկայացուցիչներ ու իրավահաջորդներ։
Աղբյուր` Panorama.am