Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որևէ երկրին գործընկերոջ, դիտորդի կամ անդամի կարգավիճակ տալու որոշումը կայացվում է կոնսենսուսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Անդրադառնալով Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու վերաբերյալ խոսակցություններին` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել:
«Որտեղի՞ց այդպիսի տեղեկություններ: Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ասել է իր անձնական կարծիքը, և սկսվում է այդ հարցը քննարկումը: Հասկանում եք՝ դա սխալ է: Գոյություն ունեն ընթացակարգային կանոններ, պահանջներ, որոնք ընդունել են ՀԱՊԿ-ի անդամ երկրները և որոնք պետք է անխտիր կատարվեն: Միայն դրանից հետո կարող է քննարկվել կարգավիճակի հարցը»,- ասաց Սեմերիկովը:
Նա շեշտեց, որ հատկապես կարգավիճակի հարցը ընդունվում է կոնսենսուսը խիստ պահպանելով:
«Եթե չլինի ՀԱԿՊ անդամ երկրներից մեկի համաձայնությունը, բնականաբար, որոշում չի լինի: Դրա համար գոյություն ունի կանոնադրություն և պայմանագիր, որով և առաջնորդվում ենք: Դուք երևի մի քանի անգամ համոզվել եք. նույնիսկ տեսա՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ինչքան տևեց: Մինչև մենք կոնսենսուսի չեկանք և բոլոր անդամ երկրները չստորագրեցին, որոշումը չկայացվեց»,- հավելեց Սեմերիկովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության դռները բաց են բոլոր երկրների համար, և յուրաքանչյուր պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ կազմակերպությունում գործընկեր, դիտորդ կամ անդամ, սակայն կան որոշակի սահմանափակումներ և դրանք բոլորը ներկայացված են նորմատիվ փաստաթղթերում: