ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքում փոփոխություն կատարելու և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Այն ընդունվեց 107 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Այն ընդունվեց 112 կողմ ձայնով։
Ազգային ժողովում նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է՝ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան:
Նախագիծը չընդունվեց 41 կողմ, 10 դեմ և 62 ձեռնպահ ձայնով:
Քվեարկության դրվեց նաև Կառավարության կողմից ներկայացված՝ Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին հարցը։ Նախագծին կողմ քվեարկեցին 92 պատգամավոր, դեմ՝ 15, ևերկու պատգամավոր նախընտրեցին մնալ ձեռնպահ։