Ազգային ժողովում այսօր քննարկվում է ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մեր թիվ մեկ նպատակը մահերը կրճատելն է, սա մեր անվտանգությանը ռեալ սպառնալիք է»։
Ըստ փոխոստիկանապետի՝ տուգանքների բարձրացումը մահերը չի կանխարգելում, մեզ պետք է նոր գործիքակազմ։ Բալային համակարգը, նրա խոսքով, 20 իրավախախտման համար է նախատեսված։ Դրանք այն իրավախախտումներն են, որոնք ավելի շատ են դառնում մահերի պատճառ։ «Հիմնականում դրանք են՝ հանդիպակաց գոտի դուրս գալը, կարմիր լույս արգելքի նշանի տակով երթևեկելը, արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում երթևեկելը։ Այսինքն՝ խախտումներ, որոնց հետևանքով մարդիկ զոհվում կամ վիրավորվում են»,- ասաց փոխոստիկանապետը։
Ըստ Հովհաննես Քոչարյանի՝ ԱԺ կողմից ընդունվելու դեպքում օրենքը միանգամից ուժի մեջ չի մտնի։ «Վեց ամիս ժամկետ ենք խնդրել՝ օրենքն ուժի մեջ մտնելու համար։ Ինչո՞ւ վեց ամիս, չենք ուզում շտապել, այդ վեց ամսվա ընթացքում մենք կապահովենք իրավական իրազեկման աշխատանքներ, այնուհետև ըստ հնարավորության՝ ճանապարհների կահավորանքը կբարելավենք և կապահովենք իրավական քարոզչություն»,- հավելեց նա։
Ըստ փոխոստիկանապետի՝ 1 մլրդ դրամից ավելի ֆինանսական միջոցներ են հատկացվել կառավարության կողմից, որպեսզի գործող պարեկային մեքենաներն ապահովվեն համապատասխան կահավորանքով։