Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չթողեց, որ ժաղավուրդը մի քիչ երկար վայելի ֆուտբոլի ազգային հավաքականի այդքան սպասված հաղթանակը: Երկուշաբթի օրով, առավոտ կանուխ կրկին լայվ ու կրկին Ամուլսարի մասին:
Եվ ի՞նչ ասաց վարչապետը ժողովրդին, որին սիրում ու որի առաջ խոնարհվում է: Ըստ էության գրեթե նույնը, ինչ ասում էր օրեր առաջ, երբ ներկայացրեց ԷԼԱՐԴ-ի զեկույցի հիման վրա քննչական կոմիտեի եզրակացությունը, միայն այս անգամ արդեն «Լիդիան»-ի խոսքերի հիման վրա: Հանքը չի շահագործվի, եթե… ու Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնում է արոտավայրերի խոտի փոշու վերաբերյալ իր մտահոգությունները:
Բայց այս անգամ մի «նրբություն» է ավելացել, վարչապետը կոչ է անում բացել հանքի ճանապարհները, բառացիորեն խնդրում է դա անել, որովհետև արդեն չի կարողանում թաքցնել, որ հանքի աշխատանքների կասեցումը ուղղակի կործանարար ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական իրավիճակի վրա. ընկել է երկրի ներդրումային հետաքրքրությունը, նվազել են բյուջեի մուտքերը և տնտեսության մյուս ճյուղերի, հատկապես փոքր ու միջին բիզնեսի վրա տոտալ հարկային ճնշումներն արդեն չեն ապահովում զինծառայողների ու մանկավարժների աշխատավարձերի բարձրացումը, առողջապահության պետպատվերի խոստացված ծավալները, երկրի ռազմական ծախսերը և բոլոր այն հավակնոտ ծրագրերի իրագործումը, որոնք խոստացվել էին տնտեսական հեղափոխության համար, բայց մնացել են բացառապես ֆեյսբուքյան ուղիղ եթերներում: Վարչապետը հայտնվել է իր իսկ ձեռքով գործի դրած մուրճի ու զնդանի արանքում, երբ մի լրջագույն խոչնդոտ Փաշինյանի համար մնում է անհաղթահարելի, դա ժողովրդական վստահության ահագնացող չափերի կորուստն է, որ ինքն ու իր թիմն ունեցան Ամուլսարի ողջ ոդիսականի ընթացքում: Չբացել հանքը, կնշանակի կործանել երկրի տնտեսությունը, բացել այն, կնշանակի իր և իր կառավարության վերջնական հեղինակազրկում և իշխանության կորուստ: Այն, ինչն ըստ Փաշինյանի պետք է բարձրացներ ու ամրապնդեր այդ հեղինակությունը, քայքայեց ու մսխեց դա: Եվ հենց դա է պատճառը, որ գրեթե 40 րոպե տևած ուղիղ եթերի ընթացքում վարչապետն այդպես էլ համարձակություն չունեցավ բաց տեքստով հայտարարել, որ Ամուլսարը հանք է դառնալու:
Այդ ճակատագրական բառերն արտասանելը Նիկոլ Փաշինյանի համար չափազանց ծանր է: ՔԿ զեկույցից հետո, երբ ուր որ է պետք է դրանք հնչեին, պարզվեցին քննիչի ազգակցական կապերը: Դա ընդամենը մի շաբաթով հետաձգեց ճակատագրական պահը: Հիմա, «Լիդիան»-ի հավաստիացումներից հետո (արդեն որերորդ անգամ), «իքս» ժամը հետաձգվում է մինչև գարնան վերջ: Համենայն դեպս ինքն այդպես է կարծում: