Foto

Սահմանադրական դատարանը պաշարվում է

Հայաստանում իրավաքաղաքական քաոս է տիրում: Իշխանությունները մի ձեռքով դատավորների ու դատարանների վրա ճնշում են բանեցնում հնարավոր վեթինգով, մյուսով ՍԴ անդամներին պատվավոր թոշակի են ուղարկում: արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի ատյանում կայացվում են որոշումներ, հաջորդ ատյանում դրանք բեկանվում են, մյուսում այնպիսի որոշումներ են ընդունվում, որ ամենափորձառու և խորամանկ իրավաբանները հրաժարվում են մեկնաբանել:

Սահմանադրական դատարանը, չնայած Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած վերջին բազմիմաստ որոշմանը, դեռևս դիմադրում է ճնշումներին, բայց հեռու չէ այն օրը, երբ նրան էլ կարող են ստիպել սպիտակ դրոշ պարզել: Մասնավորապես «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթում, որն արդեն ուղարկվել է Կառավարություն, Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջը: Սա ակնհայտ ակնարկ է ՍԴ դատավորներին, որ եթե ողջամիտ ժամկետներում չօգտվեն առաջարկված «հումանիտար միջանցքից», ապա կարող են դառնալ հերթական «դիմակահանդեսի» մասնակիցը: Մի խոսքով, ինչպես կասեր Պյուզոյի հերոսը, ՍԴ անդամներին «այնպիսի առաջարկություն է արվում, որից նրանք հրաժարվել չեն կարողանալու»

70 տոկոսանոց խորհրդարանական մեծամասնության, քննչական մարմինների և դատարանների վրա տոտալ վերահսկողությունից հետո, եթե Սահմանադրական դատարանն էլ «սեփականաշնորհվի», ապա երկրի միանձնյա կառավարումը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար ապահովված է: Բայց նույն Փաշինյանին լավ հայտնի է, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ և մի օր էլ իր թիմն է դառնալու նախկին և այս կացնային փոփոխությունների բումերանգը ապագայում կարող է հենց իր և իր թիմին վերադառնալ: Յուրաքանչյուր իշխանություն էլ ցանկանում է իշխանական բոլոր ճյուղերի վրա հնարավորինս մեծ վերահսկողություն սահմանել և միայն ներքին ժողովրդավարությունը, իշանության թևերի տարանջատումն ու դրանց հակակշիռների կայուն մեխանիզմն է, որ հեռու է պահում այդ գայթակղությունից: Արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է նույնիսկ դա վերաձևել իր հագով:

Եթե «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներով էլ դա չհաջողվի, ապա Սասնա ծռերը գուցե հաջորդ անգամ Սահմանադրական դատարա՞նը գրավեն:

 

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան