Այս տարի ԱԻՆ աշխատողի օրը նշում ենք առանձնահատուկ պայմաններում, մենք բոլորս ականատես եղանք փրկարարների, հրշեջ-փրկարարների հսկայածավալ աշխատանքին, որոնք նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել ՀՀ ողջ տարածքով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, արտակարգ իրավիճակների աշխատողները, մեր հրշեջները իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին ակնգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ:
Ուզում եմ հույս ու համոզվածություն հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքում կլինեք նույնքան նվիրված»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, նոր պայմաններում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում. «Կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, դրանք արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշդրության կենտրոնում:
Կառավարությունն առաձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի արտակարգ իրավիճակների աշխատողների պաշտպանվածության և երաշխիքների խնդրին: Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին:
Որքան էլ արձանագրենք, որ կլիմայական փոփոխությունները, արտակարգ իրավիճակների ռիսկերը մեծացնում են, միաժամանակ պետք է արձանագրենք, որ այդ ռիսկերը դառնում են մարտահրավերներ բացառապես մարդկային գործոնի բերումով: Այս առումով ԱԻՆ-ի փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցել ու գնահատել, թե իր, առաջին հայացքից անմեղ թվացող պահվածքը իօնչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ կանխարգելումն ավելի պակաս ծախսատար է, ավելի արդյունավետ է:
«Մեր երկրում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունենում, կենցաղային բազմաթիվ իրավիճակներ են լինում, որտեղ քաղաքացիները դիմում են փրկարարների օգնությանը: Շատ կարևոր է արձանագրել, որ այս տարիների ընթացքում փրկարարների վարկանիշը, վստահության աստիճանը հանրության շրջանում գնալով անընդհատ մեծացել է: Սա կարծում եմ՝ ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր գնահատականն է»,-ասաց Փաշինյանը: