Այն, ինչ կատարվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, կարելի է, թերևս, միայն կոնֆուզ անվանել:
Նախարարը չցանկանալով կամ հստակ գիտակցելով, որ չի կարողանալու հրապարակավ պատասխանել իր նախկին խորհրդական Գևորգ Թամամյանի հարցերին, լքեց լրագրողների հետ հանդիպման դահլիճը:
Իսկ նախկին խորհրդականը նախարարից կապույտ եզրագծերով ափսեն չէր ուզում, այլ ցանկանում էր, որ Արսեն Թորոսյանը լրագրողների ներկայությամբ պատասխանի, թե ինչո՞ւ են քաղցկեղով հիվանդներին բուժման համար հերթագրում, ինչո՞ւ է նախարարի կնոջ բժշկական կենտրոնի պետպատվերը հասցվել 2.7 միլիարդի, երբ ամբողջ հանրապետության ուռուցքաբանության պետպատվերը չի գերազանցում մեկ միլիարդը, ինչո՞ւ են դեղգործակալության կազմում ընդգրկվել դեղ արտադրողներ և ներմուծողներ: Համաձայնեք, որ այս կառավարությունում «աշխատող» նախարարի համբավ ստացած, Արսեն Թորոսյանի համար նման «ամեղ» հարցերին պատասխանելը պետք է որ ջանք չպահանջեր, բայց…
Խնդիրն այն է, որ իր ընդդիմախոսի հարցերը անպատասխան թողնելը օբյեկտիվորեն հաստատում է այդ հարցերի տակ թաքնված իրողությունների ճշմարտացիությունը: Նախկիններին խծբության և կոռուպցիայի մեջ մեղադրողը չի կարող հիմնավորել պետպատվերի բաշխման իր քաղաքականությունը, չի կարող բժիշկ համարվող մեկը, հատկապես նախարարը, բացատրել ուռուցքային հիվանդությամբ տառապողին մի քանի ամիս հերթում պահելը: Եթե նախարարը վստահ լիներ իր կայացրած որոշումների ճշմարտացիության և իրավաչափության մեջ, ապա մամուլի ասուլիսի դահլիճում, թե «ջաղացի քարի տակին», կտար սպառիչ պատասխան և կցրեր բոլոր կասկածները:
Հիմա դառնանք, «զօղորմին տի տանք» վարչապետին: Եթե կառավարության անդամը լրագրողական հանրության աջքի առաջ անթաքույց խուսափում է իր արարքների և որոշումների համար պատասխան տալ, նա իրավունք ունի՞ ղեկավար պաշտոն վարել, ներկայացնել ոլորտն ու Հայաստանը: Եթե Նիկոլ Փաշինյանը չպահանջի Արսեն Թորոսյանի հրաժարականը, ապա ինքը պետք է համապատասխան եզրակացություն անի, որովհետև սա արդեն առաջին դեպքը չէ, երբ վարչապետին բառի բուն իմաստով փաստի առաջ են կանգնացնում իր ենթականերն ու մերձավորագույն թիմի անդամները: Ի՞նչ կլինի, եթե մի օր էլ արտգործնախարարը լքի ասուլիսի դահլիճը, երբ ադրբեջանցի լրագրողը հարց տա, ենթադրենք, Արցախի Ադրբեջանից անկախանալու մասին, ի՞նչ կլինի, եթե ոստիկանապետը նեղանա բնապահպան ցուցարարներից ու գնա տուն:
Չի բացառվում և ամենայն հավանականությամբ վարչապետը հերթական «լայվով» կպաշտպանի իր նախարարին, համապատասխան ծառայությունները Գևորգ Թամամյանի բժշկական խալաթի գրպանում «տուշոնկա» կհայտնաբերեն, բայց բարձրաձայնված հարցերը «ճիտին պարտքի» պես մնալու են նախարարի և վարչապետի ուսերին:
Հուսանք, որ Արսեն Թորոսյանը խոստացած ֆեյսբուքյան «լայվ»-ի ընթացքում կտա Թամամյանի հարցերի ուղիղ պատասխանները, այլապես կստացվի, որ «Գարդասիլի» ճակատամարտի հերոսը ուղղակի նահանջեց Ֆեյսբուքի խրամատները: