Foto

Կառավարության ետնաբեմում հերթական «բռնոցի» օպերացիան է գծագրվո՞ւմ

Ամուլսարի խմորը գնալով ավելի շատ է ջուր քաշում: Քննչական կոմիտեում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել՝ «ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունն ստուգելու նպատակով»: Այս տեղեկությունն այդքան զավեշտալի չէր լինի, եթե նույն այդ քննչական խմբի եզրակացության հիման վրա վարչապետ Փաշինյանը մոտ երկու ժամ «լայվ» չաներ ու բոլորին փորձեր հավատացնել, որ Ամուլսարում ամեն ինչ OK է, իսկ ԷԼԱՐԴ-ի հետ տեսակոնֆերանսի ժամանակ նույն Իվանյանին «պատին դեմ չաներ»: Սակայն արդեն սովորական է տեսնել, թե ինչպես է մեր երկրի վարչապետը որոշումներ կայացնելու իր անվճռականության պատճառով «մեղավորներ նշանակում», երկակի ստանդարտներ կիրառում:

Ամենատարօրինակն այն է, որ կողմնակալության մեջ մեղադրանքներն արդեն շղթայական ռեակցիա են դարձել: Լիդիանն էլ մեղադրում է ՀՀ կառավարությանը, իբր այսեղ «հրապարակայնորեն ասել» են, որ Ամուլսարի դեմ արշավը մրցակից հանքարդյունաբերական ընկերությունների կողմից է ֆինանսավորվել և պահանջում են հրապարակել այդ ընկերությունների անունները,  որքա՞ն է վճարվել այդ արշավի համար և ովքե՞ր են վճարվել: Սպասվում էր որ Լիդիանի այս հայտարարությանը կառավարությունից հրապարակային պատասխան կտրվեր, բայց կառավարության հերթական «ձիով քայլը» կրկին խառնեց բոլորի խաղաքարտերը, որովհետև քննչական խմբի ղեկավարին անաչառության մեջ կասկածելը փաստացի ակնարկ է Լիդիանին:

Ստացվում է, որ երկրի խոշորագույն ներդրումային ծրագիրը դադարեցված է, Ջերմուկում հանքի շահագործման կողմնակիցներն ու հակյառակորդները միմյանց «փոր են թափում», աղմուկը ստվերել է Հայաստանի ներդրումային միջավայրի հեղինակությունը, իսկ ահա կառավարության ետնաբեմում հերթական «բռնոցի» օպերացիան է գծագրվում:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան