Foto

Դասընթաց գործարար կանանց համար. ինչպես օգտագործել ՏՀՏ գործիքները բիզնեսում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում առաջին անգամ կազմակերպում է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները բիզնեսում» քառօրյա դասընթաց, որը հատուկ մշակվել է հայաստանյան գործարար կանանց համար՝ հաշվի առնելով տեղական շուկայում բիզնես գործընթացների առանձնահատկությունները, գործարար միտումները, հնարավորություններն ու սահմանափակումները։

Մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվելու են ոչ միայն ժամանակակից  ՏՀՏ գործիքներն ու լուծումները, ՏՀ տեխնոլոգիաների կիրառման ամբողջական գործընթացը, այլև տեխնոլոգիաների կիրառման արդյունքում առաջացած փոփոխությունների կառավարման գործիքները։

Դասընթացը կօգնի.

  • հասկանալ՝ ինչ է ՏՀՏ-ն և ինչ կարելի է անել Հայաստանում դրա օգնությամբ,
  • բիզնեսում կիրառել ՏՀՏ գործիքները և լուծումները,
  • ընտրել բիզնեսին անհրաժեշտ ՏՀՏ լուծումներ և գործիքներ, գնահատել յուրաքանչյուր գործիքի առավելությունները և թերությունները՝ տեղական շուկայի համատեքստում,
  • օպտիմալացնել բիզնես գործընթացները ՏՀՏ գործիքների և լուծումների կիրառման միջոցով,
  • կառավարել ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում առաջացած փոփոխությունները։

Դասընթացը քառօրյա է և անցկացվելու է 2 փուլով՝ սեպտեմբերի 18-19-ին և սեպտեմբերի 25-26-ին: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան մասնակցության վկայական:

Աշխատանքային լեզուն հայերենն է: Դասընթացին մասնակցելու համար լրացրե´ք հայտը սույն հղմամբ՝ https://forms.gle/AAR27KLYU5g9WDL27 կամ ներբեռնեք այն http://bit.ly/EBRD_WiB, լրացրեք և ուղարկեք zara.ohanyan@ebrd.com էլ. հասցեին մինչև սույն թվականի սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00:

Նշենք, որ ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2015 թ.՝ նպատակ ունենալով ամրապնդել կանանց ներգրավվածությունը բիզնեսում։ Ծրագրի շրջանակում կին ձեռնարկատերերին տրամադրվում է ֆինանսավորում և բիզնես խորհրդատվություն, կազմակերպվում են դասընթացներ։  Ծրագիրը ֆինանսավորում են ՎԶԵԲ-ը, Եվրոպական Միությունը՝ «EU4Business»-ի շրջանակներում, Շվեդիան, Վաղ անցումային երկրների հիմնադրամը և Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը։