Foto

Ո՞վ է խմելու Ամուլսարի «անալիզները»

Նիկոլ փաշինյանը երեկ այնպիսի մոլեռանդությամբ էր հիմնավորում Ամուլսարի հանքավայրի շահագործումը, կարծես դրանից կախված էր իր իշխանության հետագա ճակատագիրը: Բանը հասավ նրան, որ վարչապետը, իր քթի տակ գտնվող օրինակները թողած, հասավ Սոլթ Լեյք Սիթի:

Մտքի այս թռիչքը իր համարձակությամբ թեև զիջում է 2050-ի տեսլականին, սակայն ուրույն ուշադրության է արժանի:

5 միլիոն դրամով մի քանի գորգ կամ մի քանի գորգով 5 միլիոն դրամ լվացած խորհրդարանական մեծամասնության ընտրած վարչապետը Հայաստանի քաղաքացիներին վստահեցնում է, որ Ամուլսարի հանքի շահագործումը այնպիսի խիստ մոնիթորինգի է ենթարկվելու, որ  «ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու Սևան», «եթե հանքի կողմից ջրային ռեսուրսներին 0.1 տոկոս վնաս հասցվի, կառավարությունը 90 օր է հատկացնում խնդիրը լուծելու համար, եթե չլուծվի, հանքը փակվում է»:

Նիկոլ Փաշինյանը, որպես օրինակելի հանքարդյունաբերության օրինակ, արդարացիորեն բերում է ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին, բայց մոռանում է, որ այդ երկրին Ամերիկա են ասում, իսկ մեր երկրում տարիներ շարունակ Սևանից ձուկ են գողանում, ու պետությունը դրանից «անտեղյակ» է: Իր կառավարության անդամները ճահճացած Սևանից տեսախցիկների առաջ ջուր են խմում, միայն թե հաճոյանան 15 միլիոն զբոսաշրջիկի տեսլական ունեցող վարչապետին: Տոտալ մշտադիտարկման մասին երկինքը թնդացնում է մի վարչապետ, որի կառավարության շրջակա միջավայրի համար պատասխանատու պետական մարմինի և տեսչական մարմնի մասնագետներն ադպես էլ չկարողացան փորձաքննել «Լիդիանի» ՇՄԱԳ-ը և Հայաստանի հարկատուները դրա համար ստիպված 400 հազար դոլար վճարեցին արտասահմանյան ընկերությանը: Ինչպես կասեր մեծն Ջիվանին՝ «խելքի աշեցեք»:

Հետաքրքիր է, Ամուլսարի «անալիզներն» ո՞վ է խմելու, վարչապետը՞, քննչական կոմիտեի քննիչները՞, թե՞ Շրջակա միջավայրի նախարարության չինովնիկները: