Foto

Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիրներ

Armsport.am-ը գրում է.

60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում Սահակ Հովհաննիսյանը գոտեմարտեց թուրք Քերեմ Քամալի հետ և 2-7 հաշվով պարտություն կրեց։

Մինչև եզրափակիչ Սահակ Հովհաննիսյանը մրցակիցներին ոչ մի միավոր չէր զիջել։ Հովհաննիսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով հաղթել էր Շվեյցարիան ներկայացնող Ռասուլ Իսրապիլովին։

1/8 եզրափակչում Սահակը նույն հաշվով հաղթել էր հնդիկ Սաչին Ռանային, քառորդ եզրափակչում 5-0 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի առաջնության չեմպիոն վրացի Դիեգո Չխիկվաձեին, իսկ կիսաեզրափակչում մեր ըմբիշը 6-0 հաշվով առավելության էր հասել ռուս Գեորգի Տիբիլովի նկատմամբ։

Հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը (67 կգ) դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող առաջնության եզրափակչում Շանթ Խաչատրյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 3-6 հաշվով։

Շանթ Խաչատրյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Կրիստո Վիդասին։ 1/8 եզրափակչում Շանթը 12-6 հաշվով տուշեով հաղթեց Թունիսը ներկայացնող Լամջեդ Մաֆիին։

Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8-3 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Վալենտին Պետիցին, իսկ կիսաեզրափակչում 15-5 հաշվով կամային հաղթանակ տոնեց թուրք Աբդուլ Բաշարի նկատմամբ։