Foto

Հայտնի են Տոկիոյի օլիմպիական խաղերի թալիսմանների անվանումները

32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի թալիսմանների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամառային Օլիմպիական խաղերի կապույտ գույնի թալիսմանը ստացել է Միրայտովա, իսկ Պարալիմպիկ խաղերինը` Սոմեյտի անվանումը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկ աշխարհի 206 երկրից կմրցեն 33 մարզաձևում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը Օլիմպիադան այստեղ տեղի է ունեցել հեռավոր 1964 թվականին:

Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Այն կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում: