Foto

Դավիթ Տոնոյան. Նոր սպառազինությունների համալրում է սպասվում

Ռուսական ինքնաթիռների տեղափոխումը ՀՀ ակնկալվում է 2019-ի վերջին 2020-ի սկզբին, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը տարվա վերջ, հաջորդ տարվա սկզիբ», - նկատեց նախարարը:

Հարցին, թե նոր սպառազինություններ ձեռք բերելու մասով ի՞նչ ծրագրեր կան, նախարարը նկատեց, որ նոր սպառազինություններ լինելու են, մինչդեռ չմանրամասնեց, թե ինչ սպառազինությունների մասին է խոսքը:
«Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու», - հավելեց նախարարը:

Անդրադառնալով Նախիջևանի ուղղությամբ հնչած կրակոցներին, պաշտպանության նախարարն ասաց. «Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված Նախիջևանի Հանրապետության հարևանների հետ, որ չկրկնվեն այդ դեպքերը»:

Նախարարը հստակեցրեց, որ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած օպերատիվ կապի մասին է. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Այսինքն նորմալ, շատ դրական գործընթաց է»,-ընդգծեց Դավիթ Տոնոյանը: