Երեկ Տավուշում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ձերբակալվածների հարազատները հանդիպել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Պատասխանելով նրանց հարցերին, մարզպետը հայտարարել է, որ ապօրինի ծառահատումների և անտառագողության դեմ պայքարում իշխանությունները հաստատակամ են:
«Որևէ անօրինական պահանջ պետության առաջ չի ընդունվելու: Ոչ միայն չի ընդունվելու, այլև ամենախիստ ձևով պատժվելու է: Մեզ համար տարբերություն չկա՝ մեր երկրի իրավունքը խախտում է ադրբեջանցին, թե տեղացին»,-ասել է Հայկ Չոբանյանը: Նա ձերբակալվածների հարազատներին ներկայացրել է թե ինչ են իրենցից պահանջել ցուցարարները: Ըստ մարզպետի, նրանց միակ պահանջը եղել է Դիլիջանի անցակետի վերացումը, որպեսզի հնարավորություն ունենան ապօրինի անտառանյութը տանել և վաճառել այլ վայրերում:
Պատասխանելով իբր սոցիալակն խնդիրների մասին հարցին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ արդեն մի քանի օր մարզպետարանը թափուր աշխատատեղերի ցուցակ է ներկայացրել, բայց ոչ մի քաղաքացի չի դիմել աշխատանքի համար:
«Իմ եզրակացությունը հետևյալն է. եթե որևէ մեկն իսկապես սոցիալական խնդիր ունենար, մինչև այսօր գոնե դիմած կլիներ»,-ասել է Հայկ Չոբանյանը: