Foto

Էրիկ Գրիգորյան․ Այս պահին տասնյակ քրեական գործեր են հարուցված տարբեր անտառտնտեսություններում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նախ հիշեցրեց, որ ընդամենը 2 շաբաթ առաջ Ազգային ժողովի կողմից ընդունվեց Քրեական և Վարչական օրենսգրքերում փոփոխություն իրականացնելու օրենսդրական փաթեթը, որով առաջին անգամ քրեականացվեց ապօրինի անտառհատման ժամանակ վարչական իրավախախտումից հաջորդ դեպքի ժամանակ քրեականին անցնելը:

«Մի քանի շատ էական փոփոխություններ նախատեսվեցին, և այդ փոփոխությունների փաթեթը մշակվել է Դատախազության և Քննչական կոմիտեի հետ: Այդ փաթեթի ամբողջ էությունը նրանում էր,ո ր մինչ այժմ օրենսդրական այն սողանքները և բաց տարածքները, որոնք կային և որոնց միջոցով հնարավոր էր անընդհատ, պարբերաբար հատումներ կատարել և բռնվելու դեպքում միայն վարչական որոշակի վճարումներ կատարելով ազատվել, այս փոփոխություններն ամբողջությամբ փակում են: Սահմանվել են և՛ կազմակերպված գործունեության հետ կապված, և՛ շահադիտական նպատակով տեղափոխման հետ կապված հարաբերությունները, որոնք մինչ այժմ կանոնակարգված չէին, ինչպես նաև վարչականից քրեականին անցումը: Երեկ նաև այդ ակցիայի ժամանակ բազմաթիվ անգամ մասնակիցների կողմից շեշտվեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել, քրեականացվել են արդեն որոշ հարցեր, և իրենց բարձրացրած հարցերը, ըստ էության, վերաբերում էին թուղթ ունենալուն՝ թուղթ և ոչ փայտ՝ թղթով ուղղակի տեղափոխել ապօրինի այդ ծավալները դեպի ոչ անտառապատ տարածքներ: Ուզում եմ նշել, որ տարակարծություն չլինի, խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու հարցի մասին, որովհետև և՛ տրամադրվում է թափուկ վառելափայտ անվճար և անցյալ տարի շատ մեծ քանակի տրամադրվել է, և այնտեղ կան հնարավորություններ, որպեսզի մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են, իրենց վառելիքի չափը որոշակիորեն կարողանան բավարարել: Ամբողջ ակցիայի նպատակը՝ հնարավորություն ստանալ տեղափոխել վառելափայտը և փայտը ընդհանրապես: Ոստիկանության և տեսչական մարմնի կողմից դրված այդ պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործընթացի համար: Եվ բացի այդ, այն փաստաթղթերը՝ անտառհատման տոմսերը, որոնք երկար տարիների ընթացքում վերցրել են, մեկ անտառհատման տոմս ենթադրենք 8 խմ կամ 5 խմ համար և ամիսներով այդ անտառհատման տոմսով անընդհատ շրջանառվել և ցույց է տրվել օրինականություն, դա նույնպես Ոստիկանության և տեսչական մարմնի կողմից արդեն ֆիքսվում է և հնարավոր չէ երկրորդ անգամ օգտագործել: Այսինքն՝ մի շարք գործոններ, որոնք էականորեն դժվարացնում են ապօրինի անտառհատման հետ կապված շարժը: 

Պարոն վարչապետ, նաև ուզում եմ տեղեկացնել, որ տասնյակ քրեական գործեր են հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում, անտառապահներ, անտառապետեր, և այդ գործընթացը շարունակական է: Այս պահին նաև Լոռու մարզում շատ մեծ իրավական գործընթացներ կան: Հազարահավոր հատված ծառեր, որոնք ֆիքսվում են հիմա, որովհետև եթե վիճակագրությունը նայենք շատ երկար տարիների համար, ունենք ֆիկտիվ որոշակի թվեր, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն: Հիմա օրենսդրական փոփոխությունները, Ոստիկանության, Տեսչության և մեր կառույցների համատեղ աշխատանքը, նաև կադրային փոփոխություններ են տեղի ունեցել վերջերս Իջևանի անտառտնտեսությունում, փոխում են իրավիճակը, բայց ուզում եմ նաև նշել, որ սա ընդհանուր, նաև Հայաստանի համար կենսական նշանակության հարց է և ոչ անտառի, որովհետև անտառի այս լայնածավալ և հսկայածավալ հատումները, որոնք երկար տարիների ընթացքում եղել են և նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտը համապատասխանեցվել է, որպեսզի պատժի մեխանիզմները բավարար չլինեն, դրանք իրենց հետ բերում են նաև այլ խնդիրներ՝ ջրերի հետ կապված, ոռոգման հետ կապված, որովհետև դեգրադացված անտառներն նաև իրենց հետագա խնդիրներն են առաջ բերում: Ես, առիթից օգտվելով, ուզում եմ նաև նշել, որ ամենայն խստությամբ և հնարավորինս ուժեղ պատիժ պետք է հիմա նախատեսվի, որովհետև այստեղ խոսքը չի գնում գյուղացիների կողմից իրենց սեփական կարիքների համար փայտ կտրելու մասին, ինչպես երկար տարիներ անընդհատ ներկայացվել է, որ հատումները չեն կարող նվազել, քանի որ գյուղացիներն իրենց տունը տաքացնելու և երեխաներին տաքացնելու համար այս միջոցառումները պետք է իրականացնեն: Շարունակական է, բայց այս օրենսդրական փաթեթը, պարոն վարչապետ, ես շատ կարևորում եմ: Սա շատ ուժեղ կանխարգելիչ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց պարոն Գրիգորյանը։