ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին մինչ օրակարգին անցնելը անդրադարձավ Իջևանում տեղի ունեցած երեկվա դեպքերին, որ ծառահատումների թույլտվության պահանջով քաղաքացիների ու ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել:
Դիմելով բնապահպանության նախարարին վարչապետը հարցրեց, թե ի վերջո, որն է ակցիայի մասնակիցների պահանջների օրինականությունը, արդարությունը և ընդհանրապես ինչ է տեղի ունենում այդ ոլորտում:
«Վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ էկրանների առաջ հայտարարություն ենք անում, ինչ-որ մարդիկ քմծիծաղ են տալիս և մի քանի օր դադարից հետո գործողությունները շարունակում են»,-ասաց նա:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ մի շարք փոփոխություններ են մշակվել և մինչ այժմ օրենսդրական սողանքներ կային, որոնք փոփոխությունները փակում են: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ ակցիայի ժամանակ մասնակիցները նշել են, որ նրանց բարձրացրած հարցերը վերաբերում էր հիմնականում փաստաթուղթ ունենալուն, որ վառելափայտը կարողանան տեղափոխել, մինչդեռ ոստիկանության պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործում:
Վարչապետը դրական տարր նկատեց, երեկվա կատարվածը ցույց է տալիս, որ ապօրինի ծառահատում իրականացնողները չեն կարողանում փող տալ ու անցնել: Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տասնյակ քրեական գործեր կան հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում: «Վերջերս կադրային փոփոխություններ են եղել, այս ամենը փոխում է իրավիճակը: Սա ընդհանուր Հայաստանի կենսական նշանակության հարց է և ոչ միայն անտառի, քանի որ անտառի այս լայնածավալ հատումները, որ երկար տարիների ընթացքում եղել են և պատժի մեխանիզմները բավարար չեն եղել, դրանք բերում են այլ խնդիրների՝ ջրերի, ոռոգման հետ կապված հարցերի»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ հնարավորինս ուժեղ պատիժ պետք է նախատեսվի, քանի որ այստեղ խոսքը չի գնում գյուղացինեի կարիքների համար անտառները կտրելուն, ինչպես տարիներ շարունակ ներկայացվում է:
Վարչապետը համաձայնեց, որ երբեմն այնպիսի տպավորություն կարող է լինել, որ բոլորը զբաղված են փայտ կտրելով և վաճառելով. իրականում այդպես չէ՝ մարդկանց որոշակի շրջանակ է դրանով զբաղվում, երկար տարիներ կոռուպցիոն մեխանիզմներով ստեղծվել է ցանց, և այսօր գործ ունենք հենց այդ ցանցի հետո:
«Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անպայման կրելու են պատասխանատվություն: Ես ուզում եմ հստակ լինել՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու և խնդիրը դնում եմ իրավապահ համակարգերի առաջ, այստեղ իրավապահ համակարգի գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործողության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որևէ մեկը շանտաժով չի կարող խոսել կառավարության հետ, և սա կյանքի կոչելը իրավական համակարգի խնդիրն է»,-ասաց նա: