Մինչ Հայաստանյան օրակարգում վարորդներին «վեթինգի» ենթարկելու կամ Սևանում լողանալ-չլողանալու հարցերն են քննարկում, Վենետիկի հանձնաժողովը հրապարակվել է իր 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որտեղ մի շարք հետաքրքիր նկատառումներ կան ՀՀ Սահմանադրական դատարանում իբր ճգնաժամի մասին:
Մասնավորապես հանձնաժողովը հայտարարում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ճամարտակությունը ՍԴ «անդամ»-«դատավոր» անհամատեղելիության մասին ուղղակի մտացածին է և որևե հիմք չունի. «Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը»,-բառացիորեն ասվում է հանձնաժողովի նստաշրջանի արձանագրությունում: Թե ի՞նչ քաղաքական նպատակ էր հետապնդում Վահե Գրիգորյանը և դրա համար ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի, բուն Սահմանադրական դատարանի պարզելիքն է, սակայն միանշանակ է, որ նրա պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը Վենետիկի հանձնաժողովի մտահոգությունն է առաջացրել: Վենետիկում գտնում են, որ «Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ կա» և ակնհատ ակնարկում են, որ, եթե Վահե Գրիգորյանի նամակը քննարկվի ՀՀ խորհրդարանում, ապա դրանով կասկածի տակ կդրվի Հայաստանի դատական իշխանության անկախությունը:
Ի դեպ, դատական իշխանության անկախության մասով մեկ այլ հետաքրքիր ակնարկ կա նստաշրջանի արձանագրության մեջ: Այնտեղ մասնավորապես նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարանները շրջափակելու կոչերը, մեղմ ասած, ոչ մի աղերս չունեն ՀՀ սահմանադրության հետ: Վենետիկի Հանձնաժողովը դա անթաքույց կապում է երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշման հետ, այնուհետև հիշեցնում, որ «կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին»:
Հանձնաժողովի արձանագրության մեջ անդրադարձ կա նաև դատավորների վեթինգին, որում մասնավորապես ասվում է, որ «Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար»: Ստացվում է, որ մեր դատական համակարգը որոշակի առողջացման կարիք ունի, սակայն վեթինգը չէ այն գործիքը, որվ դա պետք է արվի: Ուշագրավ է, որ վեթինգի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանները շրջափակելու իր տխրահռչակ կոչերի հաջորդ օրը, փաստացիորեն դատարանների և դատավորների վրա գործադիր իշխանության կամ անձամբ վարչապետի վերահսկողություն սահմանելու նպատակով: Սրանով Վենետիկի հանձնաժողովը սառը ջուր լցրեց դատական իշխանության նկատմամբ վերահսկողության ձգտողների վրա (դե իրենք թանի մասին չեն լսել), բայց առավել հետաքրքիր է լինելու ՀՀ իշխանությունների արձագանքը: Սպասենք Վլադիմիր Կարապետյանի, Վահե Գրիգորյանի կամ Գագիկ Ջահանգիրյանի, ասել է թե՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «մեկնաբանություններին»: