Foto

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Պոլսո Հայոց պատրիարքարանի դիվանը հունիսի 26-ին հաղորդագրություն է տարածել առ այն, որ հունիսի 27-ին նախատեսված պատրիարքի տեղապահի ընտրությունները հետաձգվում են և տեղի են ունենալու 2019թ. հուլիսի 4-ին, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ որպես պատճառ մատնանշվում է Ստամբուլի նահանգապետարանից ստացած պաշտոնական գրությունը՝ ընտրությունները մեկ շաբաթով հետաձգելու պահանջով։

Հետաձգման պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հետաձգումը պայմանավորված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք, որ ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, որ տեղապահի ընտրության կարիք չկա և պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։ Սակայն բարձրացած բողոքի ալիքի պատճառով Աթեշյանն ի վերջո տեղի տվեց և համաձայնեց նախ անցկացնել տեղապահի ընտրություններ։ Նախատեսվում էր, որ տեղապահի ընտրությունները տեղի կունենան Ստամբուլի քաղաքապետի վերընտրություններից անմիջապես հետո։

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998-ից։ Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով 2008-ից գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։