Կառավարությունը հունիսի 27-ի նիստին որոշում ընդունեց առողջապահության նախարարությանը առողջապահական ծրագրերի համար հավելյալ 12 միլիարդ դրամ հատկացնել:
Գործադիրի անդամներին որոշման նախագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակի, շահառուների խմբերի ընդլայնման, մատուցվող ծառայությունների առկա պահանջարկի բավարարման, գրպանից դուրս կատարվող ծախսերի ցուցանիշի նվազման, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների արդիականացման, վերազինման, անհրաժեշտ սարքավորումներով հագեցման անհրաժեշտությամբ:
Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև շահառուների խմբերը: Մասնավորապես, որոշման համաձայն երեխաներին` ՀՀ-ում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները ամբողջ ծավալով տրամադրվում են միայն 0-7 տարեկաններին: Միևնույն ժամանակ, բնակչության կողմից կատարվող մասնավոր ծախսերի ավելացումը և աղքատության ցուցանիշների վատթարացումը հատկապես 0-18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար գնահատվում է բարձր ռիսկային, քանզի դեմոգրաֆիկ, վերարտադրողական խնդիրներին զուգահեռ առաջ է գալիս առողջ սերունդ և մարտական պոտենցիալ ունենալու հարցը: