Հայաստանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ճառագայթաբան Օֆելիա Ալիխանյանը օրերս՝ մարտի 11-25-ը, անցել է հոդերի սոնոգրաֆիայի որակավորման բարձրացման կուրս Մոսկվայի Վ.Ա. Նասոնովայի անվան Ռևմատոլոգիայի ինստիտուտում՝՝ կարևորելով հոդերի գրագետ հետազոտության դերն ու ախտորոշման ժամանակակից մոտեցումները:
Ի դեպ, նա Հայաստանից միակ ներկայացուցիչն է, ով այս տարի ընտրվել է այդ ծրագրում:
-Բժշկուհի Ալիխանյան, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք դիմեցիք տվյալ ծրագրին:
- Հայտարարված էր մրցույթ: Լավագույն երկու գիտական հոդվածների հեղինակները ստանալու էին անվճար մասնակցության իրավունք: Ինձ հետ միասին դիմել էին Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների, Եվրոպական երկրների բժիշկ-ճառագայթաբաններ: Ես ներկայացրել էի իմ կողմից ախտորոշված հազվադեպ հանդիպող հիվանդություններից մի քանիսը: Արդյունքում ընտրվեցի որպես լավագույն աշխատանքներից մեկի հեղինակ: Հոդերի սոնոգրաֆիան՝ հատկապես մանր (ձեռքերի, ոտնաթաթերի մանր հոդեր, ճաճանչ-դաստակային հոդեր) և կոնք-ազդրային հոդերի, միշտ էլ հանդիսացել են առավել բարդ` ճշգրիտ ախտորոշման տեսանկյունից: Այստեղ խիստ կարևոր է մի քանի նեղ մասնագետների հետ համագործակցությունը: Դիցուք. գոտկային հատվածի ցավը կարող է պայմանավորված լինել ինչպես միջողային ճողվածքներով, այնպես էլ կոնք-ազդրային հոդի բորբոքմամբ: Նախկինում վերոնշյալ հոդը հանդիսանում էր դժվար հասանելի ՈւՁ հետազոտման համար: Այս, և շատ այլ դեպքերում գրագետ կատարված հոդի սոնոգրաֆիան հիվանդին թույլ է տալիս շրջանցել մի քանի բժիշկների սենյակներ և անմիջապես դիմել ճիշտ մասնագետի: Վ.Ա. Նասոնովայի անվան Ռևմատոլոգիայի ինստիտուտում հնարավորություն ունեցա մասնակցել Մոսկվայի անվանի պրոֆեսորներից շատերի դասախոսություններին, գտա ինձ հուզող մի շարք հարցերի պատասխաններ և, իհարկե, ծանոթացա իրենց գիտահետազոտական աշխատանքներին և ոլորտի նորարարություններին:
-Լինելով Հայաստանի միակ ներկայացուցիչը, արդյո՞ք ունեցաք հնարավորություն փորձի փոխանակման շրջանակում կիսվելու Ձեր գիտելիքներով:
-Շնորհակալություն հարցի համար: Նախ նշեմ՝ հայտնի է, որ հոդերի սոնոգրաֆիան ունի մի շարք առավելություններ դասական ռենտգեն հետազոտության համեմատ: Մասնավորապես. ոսկրային էրոզիվ փոփոխությունները, ի տարբերություն ռենտգենոգրաֆիայի, ՈւՁ հետազոտությամբ տեսանելի են ամիսներ և նույնիսկ տարիներ առաաջ: Լինելով բժիշկ-ճառագայթաբան՝ ես գերազանց տիրապետում եմ ոչ միայն ՈւՁ, ԿՏ, ՄՌՏ հետազոտություններին: Վերջիններիս իմացությունը հերթական հետազոտություններից մեկի ժամանակ թույլ տվեց վիճարկել ախտորոշված ծնկան հոդի կալցինոզը և հաստատել իմ կողմից առաջարկված մեկ այլ ախտորոշման` կոպիտ ոսկրային գերաճի առկայութունը: Վերջինը հաստատվեց ռենտգեն հետազոությամբ: Դեպքի արդյունքում պրոֆեսոր Վ.Ա.Վոլկովը, ով հանդիսանում էր իմ անմիջական ղեկավարը, մեծապես տպավորված էր և հայտնեց հետագա համագործակցության ցանկություն:
-Բժշկուհի Ալիխանյան, ինչպես գիտենք, դուք հանդիսանում եք Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասավանդող ասիստենտ: Ինչպե՞ս եք պատրաստվում կիրառել ձեռք բերած գիտելիքները դասավանդման ոլորտում:
- Ծրագրի շրջանակներում ձեռք եմ բերել մի շարք նեղ մասնագիտական գիտելիքներ ձեռքերի մանր հոդերի (մատների, նախադաստակ-ֆալանգային, դաստակի մանր հոդերի), ճաճանչ-դաստակային հոդերի, ոտնաթաթի մանր հոդերի ՈւՁ հետազոտության վերաբերյալ: Բացի ուսուցանող կլինիկական օրդինատորներից հաճախ դիմում են վերապատրաստվող բժիշկ-ճառագայթաբաններ, ովքեր ցանկանում են մասնագիտանալ մասնավորապես հոդերի սոնոգրաֆիայի ոլորտում: Ես պատրաստ եմ կիսվել ձեռք բերած գիտելիքներով և փորձով ուսուցման ժամանակակից մեթոդիկայով, այն է` ուսանողին, բժշկին տալ մաքսիմալ հնարավորություն ինքնուրույն ախտորոշում իրականացնելու՝ բնականաբար անմիջական ղեկավարի հսկողությամբ:
Հարցազրույցը՝ Նազենի Բաղդասարյանի