Foto

«Իմ քայլի» Անդրանիկ Քոչարյանը «Հոկտեմբերի 27-ի» պատվիրատու է համարում Պուտինին

Օրերս տեղի է ունեցել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի բարձրացվել է 2008թ. մարտի 1-ի թեման: Հնչել է հարց, որ եթե Փաշինյանը հայտարարում է, որ «մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ապա նշանակու՞մ է դա արդյոք, որ բացահայտված են նաև 10 զոհերի հետ կապված հանգամանքները:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Անդրանիկ Քոչարյանը «լղոզել» է թեման՝ նշելով, որ բացահայտում ասելով իրենք նկատի են ունեցել շղթան: Ըստ նրա՝ զոհերի հարցը շղթայի բացահայտման համեմատ երկրորդական է:

Հարց է հնչել նաև, թե արդյոք իշխանություններն անդրադառնալու՞ են 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությանն ու արդոք փորձելո՞ւ են բացահայտել, թե ովքեր էին կազմակերպիչները: Անդրանիկ Քոչարյանն, ըստ մեզ հասած տեղեկությունների, սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ մեծ հաշվով Վազգեն Սարգսյանի ու մյուների սպանության կազմակերպիչների մասով «ամեն ինչ պարզ է»: Ըստ Ա. Քոչարյանի՝ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով:

Պարզ է, որ Անդրանիկ Քոչարյանի ասածները Պուտինի մասով անհեթեթություն են, ժամանակակից բառախաշարով՝ ֆեյք: Ուշագրավն այն է, որ «Իմ քայլի» պատգամավորը, այն էլ հանձնաժողովի նախագահի կարգավիճակ ունեցողն է նման բան ասում: Եվ դա այն դեպքում, երբ գործող իշխանությունները հրապարակավ պնդում են, որ Ռուսաստանի հետ իրենք անկեղծ են ու ձգտում են բացառիկ հարաբերություններ հաստատել: