Foto

Աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Մեխատրոնիկա» մասնագիտության կարճաժամկետ դասընթացի մասնակիցների ավարտական վկայագրերի հանձնումը:
Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Յուլիա Ստակյանը, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տիգրան Թադևոսյանը։
Միջոցառմանը ներկա էին սոցիալական գործընկերներ, գործատուներ և Վանաձորի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողները ներկայացել են իրենց հեղինակած հավաքածուներով: Միջոցառման ավարտին երկու հուշագիր է ստորագրվել, մասնավորապես, «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում համագործակցության վերաբերյալ:
Համաձայն հուշագրի՝ կենտրոնում ընդգրկված ընկերությունները կաջակցեն քոլեջին՝ «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման գործում: Մեկ այլ հուշագիր է ստորագրվել «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Գլորիա» կարի ֆաբրիկայի միջև, համաձայն որի՝ կկազմակերպվի «Կարի տեխնոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողների պրակտիկան, ինչպես նաև աջակցություն կտրամադրվի քոլեջի շրջանավարտներին՝ աշխատանքի տեղավորման հարցում: