Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելել Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության համառուսաստանյան հասարակական կազմակերպության և «Ազգային միասնության» շարժման անդամները: Նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Կազմակերպության անդամները Ռուսասանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունից ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
-Մենք վաղուց արդեն պետք է հրաժարվենք այդ «Ցեղասպանության ճանաչում» հասկացությունից: Ի՞նչ է նշանակում «ճանաչել»: Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ փոխհատուցման խնդիրը բարձրանա և միջազգայնորեն հաստատվի,-Vesti.am-ի հետ զրույցում ասել է Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը։-Եթե մենք նորից չկարողանանք աշխարհին ներկայացնել, թե որն է հայկական պահանջատիրությունը, ապա մենք նորից մեզ վտանգի տակ ենք դնում,- ասել է նա:
Անրադառնալով նաև վերջերս Արցախում տեղի ունեցած դեպքերին՝ Արամ Սարգսյանը նշել է՝ Ադրբեջանի կողմից ցուցաբերած ագրեսիան ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ եթե նման գործողությունները մինչ օրս դատապարտված և արգելված չեն, ապա դրանք հղի են կրկնությամբ: Ըստ Սարգսյանի՝ մեր ողջ դիվանագիտությունը պետք է ամբողջովին միտված լինի այդ հարցի լուծմանը, որպեսզի կարողանանք փաստարկված ներկայացնել այն, ինչ-որ արդեն կուտակված է և կա:
-Առաջին հերթին գոյություն ունի միջազգային դատարան: Ժամանակին Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախաձեռնել են մի այդպիսի քայլ: Պրոֆեսոր Յուրի Բարսեղովը պատրաստել էր համապատասխան մի շատ լուրջ և կարևոր փաստաթուղթ, որով ինքը հիմնավորում էր, թե ու՞մ և ինչպե՞ս կարելի էր դիմել: Մենք իրավունք ունենք դիմելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դատարան և կարծում եմ, որ դա պետք է արվի պետական մակարդակով, քանի որ հասարակական կառույցի ներկայացրածը կարող է նույն կշիռը չունենալ: Սա այն լուրջ քայլերից է, որը մենք պետք անենք,-ասել է Արամ Սարգսյանը:
Ադրբեջանական ագրեսիայի մեջ Արամ Սարգսյանը տեսնում է Թուրքիայի դերակատարությանը:
-Թուրքիայի միջամտությունը միանշանակ է: Ես բազմիցս ասել եմ, որ այն հայտարարությունները, որոնք արվել են Բաքվում Մ. Չավուշօղլուի և Ա. Դավութօղլուի կողմից, շատ հստակ էին։ Այնտեղ պարզ ասվում էր, որ բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու են Ադրեջանին, որպեսզի նրանք կարողանան ազատագրել «օկուպացված» տարածքները, ինչը վերաբերում էր նաև Ղարաբաղին: Ավելին՝ նույն Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենց համար դրանք սուրբ հողեր են: Այսինքն 3-րդ երկիրը բացահայտ ցույց է տալիս, որ ինքը միջամտելու է այս հարցին, այն էլ ոչ թե ուղղակի է միջամտելու, այլ մասնակցելու է ողջ գործընթացին և բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու Ադրբեջանին,-պարզաբանել է Սարգսյանը:
Ըստ նրա ՝ այս հարցի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն կրավորական դիրքորոշում է ընդունել, քանի որ պետք է ողջ աշխարհին ասել, թե ինչ է անում մյուս ագրեսիվ պետությունը՝ ցանկանալով ամբողջովին սերտաճած լինել Ադրբեջանին:
-Մենք պարտավոր էինք այդ հարցը բարձրացնել, և պատահական չէ, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանեց այդ հարցին, սակայն դա պետք է մեր ԱԳ նախարարն ավելի շուտ աներ ու պաշտոնական նոտա ուղղեր և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբին, և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Եվ մենք տեսանք այդ արդյունքը: Այս քառօրյա պատերազմի ընթացքում երևաց, որ Ադրբեջանի կողմից թուրքական ռազմական մասնագետներն էին, հավանաբար «Գորշ գայլերն» էին նաև այնտեղ: Այնպես որ, կարծում եմ, սա այն հարցն է, որտեղ մենք ավելի ակտիվ պետք է լինենք,-նշել է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա Արամ Սարգսյանն ասել է, որ պետք է մոռանանք դրանց մասին: Ըստ նրա՝ այդ արձանագրություններն այլևս չեն կարող գոյություն ունենալ, քանի որ Թուրքիան մեր նկատմամբ միայն ու միայն ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերում և հստակ ասում, է, որ Հայաստանին թշնամին է, ինչպես որ Ադրբեջանը:
-Առաջին հերթին Թուրքիան պարտավոր է մեր սահմանը բացել, նրանք պետք է մեզ ընդառաջ քայլ անեն, որպեսզի մենք համոզված լինենք, որ այդ ամենը անշրջելի է: Մի հետաքրքիր երևույթ է ստացվում՝ մենք անընդհատ փորձում ենք խաղաղության դիմել, իսկ նրանք հակառակը՝ փորձում են օգտվել և մեզ ավելի թուլացնել: Սա այն խնդիրն է, որտեղ մենք շատ հստակ պետք է ունենանք մեր դիրքորոշումը: Իսկ մեր Սահմանադրական դատարանի որոշումից հետո Թուրքիան հասկացել է, որ իր նպատակներին չի կարող հասնել,-ասել է Սարգսյանը:
Նա համոզված է, որ այժմ Հայաստանը պետք է այլ դիվանագիտական քայլերի դիմի՝ Թուրքիայի այսօրվա իշխանությունների ղեկավարության նկրտումները բացահայտելու նպատակով:
Vesti.am