Հունվարի 16-ին Փարիզում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»:
Միանգամից մի քանի հարց է ծագում, որոնք բխում են այս տողերից:
- Ո՞ր խաղաղ գործընթացին է վերաբերվում 4 ժամ քննարկված հարցերի շրջանակը:
- Եթե արցախյան հակամարտության մասին է խոսքը, ապա որտե՞ղ են Արցախի ներկայացուցիչները: Չէ՞ որ ՀՀ վարչապետի մակարդակով խոստացվել է, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:
- Եթե խոսքն արցախյան հակամարտության մասին չէ, ապա ինչի՞ մասին է: Հայաստան-Ադրբեջան հակամարտություն գոյություն չունի, գուցե Սիրիայի՞ հարցն է քննարկվել:
- Ժողովուրդներին ո՞ր խաղաղությանը պետք է նախապատրաստեն երկու բանակցող կողմերը: Ո՞ր սուբյեկտների միջև է կնքվելու այդ խաղաղությունը, ո՞ր սահմաններում, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ պայմաններով, ովքե՞ր են լինելու այդ խախաղության երաշխավորները:
- Անվտանգության հարցերը քննարկելիս անդրադարձ արվե՞լ է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների դրույթներին: Դիպուկահարների հարցը քննակվե՞լ է, հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը քննարկվե՞լ է:
- Տարածաշրջանային կայուն զարգացում ասելով՝ ի՞նչ ենք հասկանում: Հայաստանն ապաշրջափակվելու՞ է, Հայաստանն ինչ-որ ձևով ինտեգրվելու՞ է այս տարիներին մեր տարածաշրջանում ադրբեջանաթուրքական լոբինգի արդյունքում ձևավորված էներգետիկ, կոմունիկացիոն և տնտեսական այն ծրագրերին, որ իրականացվել են բացառապես ի վնաս Հայաստանի Հանրապետության:
Տպավորություն է ստեղծվում, որ գոնե երկու երկրների արտգործնախարարների մակարդակներում պարզ է, որ առաջիկայում ինչ-որ խաղաղություն է, համաձայնեցվել են դրա կոմպոնենտները, մնացել է միայն ժողովուրդներին դրան նախապատրաստելը:
Մի տարօրինակ զուգադիպությամբ նույն օրն Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը բառացիորեն հայտարարեց, որ «բացառվում է առանց ժողովրդի դրական արձագանքի որևիցե կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու պրակտիկան»: Դեռ հանգիստ թողնելով Արցախի ժողովրդին՝ մի հարց էլ տամ, որտե՞ղ և ե՞րբ է Հայաստանի ժողովրդից ստացվել քննարկվող խաղաղության վերաբերյալ «դրական արձագանքը»: Գուցե ֆեյսբուքու՞մ: