Թեյ, սուրճ, հյութ, գինի, գգարեջուր. ինչով ասես կուլ չեն տալիս դեղահաբերը: Բայց այդ ըմպելիքները դեղահաբերի հետ այնքան էլ «լավ ընկերներ» չեն: «Սխալ» հեղուկները կարող են թուլացնել կամ ուժեղացնել դեղահաբերի ազդեցությունը ընդհուպ մինչև չափաքանակի խախտում: Դրանցից են.
Թուրինջի հյութ. Լոուսոնի առողջապահության ինստիտուտի կանադացի հետազոտողները պարզել են, որ ցիտրուսային մրգերում, հատկապես, թուրինջի մեջ պարունակվում են ֆուրանոկումարին կոչվող նյութեր, որոնք բազմիցս ավելացնում են դեղամիջոցի ազդեցությունը: Հատկապես վտանգավոր է թուրինջի հյութով սրտային, հակաալերգիկ, հակավիրուսային, արյան գերճնշումն իջեցնող, հակադեպրեսանտ և հակաբիոտիկային դեղահաբեր ընդունելը, որովհետև հնարավոր են ծանր բարդություններ:
Թեյ. թեյը պարունակում է տանիններ, սրանք ակտիվ նյութեր են, որոնք ազդում են դեղահաբերի յուրացման արագության վրա: Որոշ դեպքերում դրանք հանգեցնում են գերգրգռված վիճակի, օրինակ, հակադեպրեսանտներով բուժման ընթացքում դրանք թուլացնում են դեղամիջոցի ազդեցությունը: Թեյով խորհուրդ չի տրվում ընդունել նաև սրտային և ստամոքսի հիվանդությունների դեմ դեղահաբերը, ինչպես նաև հակաբիոտիկները:
Սուրճ. այն բարձրացնում է տոնուսը և միզամուղ ազդեցություն ունի: Եթե դեղամիջոցը սուրճով ընդունվի, ապա այն օրգանիզմից կամ շատ արագ դուրս կգա, կամ էլ դեղահաբի ազդեցությունը կուժեղանա (այդպես լինում է ցավազրկողների դեպքում):
Կաթ. որոշ դեպքերում, երբեմն, հանձնարարում են դեղահաբը կաթով ընդունել, օրինակ, կալիում պարունակող դեղամիջոցները և վիտամինները: Իսկ տետրացիկլինի խմբի հակաբիոտիկները և սրտային դեղահաբերը կաթով ընդունել խորհուրդ չի տրվում:
Ալկոհոլ. ալկոհոլով ընդունած դեղահաբի ներծծման արագությունը տեսնելու համար գիտնականները արհեստական միջավայր են ստեղծել, նմանակելով բարակ աղին: Փորձերը ցույց են տվել, որ թեստավորվող դեղամիջոցների գրեթե 60 տոկոսը շատ արագ են լուծվել ալկոհոլի օգնությամբ: Այդ հարցում հատկապես խիստ է պետք լինել հակադեպրեսանտների, հակաբիոտիկների, անալգետիկների և ջերմիջեցնող դեղամիջոցների առումով£ Նույնիսկ պարացետամոլը, եթե ընդունվել է ալկոհոլով, լյարդի համար թունավոր է դառնում:
Գազավորված ըմպելիքներ. քիչ է, որ գազավորված քաղցր հյութը օգտակար չէ, այն գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, փքվածություն ու մետեորիզմ է առաջացնում, դեռ դրան էլ գումարվում է դեղահաբնը ու իսկական «ռումբ» դառնում ստամոքս-աղիքային ուղու համար: Դա վերաբերում է, հատկապես, մարսողության, միզամուղ դեղամիջոցներին ու հակաբիոտիկներին:
Կոմպոտ ու կիսել. այս տարբերակը բժիշկները կարող են խորհուրդ տալ ստամոքսի գաստրիտ ու խոց ունեցող հիվանդներին, կիսելը պարուրում է ստամոքսի պատերը, նվազեցնելով դեղամիջոցի գրգռիչ ազդեցությունը: Սակայն դեղամիջոցի բուժիչ ազդեցությունն էլ է նվազում և դա պետք է հաշվի առնել: Դեղահաբը կոմպոտով խմելն էլ ցանկալի չէ, մրգաթթուները կարող են փոխել դեղամիջոցի ազդեցությունը, հատկապես այրոցի, գերճնշման դեմ ուղղված դեղամիջոցներինը: