«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2019թ. հունվարից կսկսի գործունեություն ծավալել նաև Գյումրիում:
Այդ մասին հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում կայացած «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի ընթացքում։
Նրա խոսքով, ընկերությունը կսկսի գործել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:
«Սա աննախադեպ հաջողություն է Հայաստանի մարզերի համար, քանի որ առաջին անգամ է, երբ նման վերազգային ընկերություն ներկայություն է հաստատում ՀՀ մարզում՝ բացելով մասնաճյուղ»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը:
«Սինոփսիս» ընկերությունը ծրագրային ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության և ծառայությունների լուծումներ առաջարկող գլոբալ ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Կալիֆոռնիայում: Ընկերությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004թ.՝ հիմնելով Երևանում տեղակայված «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն:
«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Լուսանկարը՝ EU Armenia
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր խոսքում նշել է, որ մարզերի անհամաչափ զարգացումը Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է:
«Այդ առումով, նորարարությունները, բարձր տեխնոլոգիաները ու STEM կրթությունը մեծապես կարող են նպաստել անհամաչափ զարգացումը հարթելու, ինչպես նաև մարզային համայնքների մրցունակությունը բարձրացնելու գործին: Պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարզային երիտասարդությունը որակյալ տեխնոլոգիական կրթություն ստանալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար ստիպված չլինի գնալ Երևան: Դրա համար, կառավարությունը նախատեսում է առավելագույնս նպաստել Հայաստանի մարզերում առկա ժամանակակից տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությանը և ձեռնարկելու է միջոցներ նոր կենտրոնների ստեղծման համար»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, բացի այդ, թիրախավորված հարկային քաղաքականության և կառավարության ունեցած այլ միջոցների կիրառմամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որպեսզի մարզերում ծնվեն նոր ստարտափներ ու նախաձեռնություններ, ինչպես նաև օտարերկրյա գործարարների համար ներդրումներ կատարելը դառնա ավելի գրավիչ:
Համաժողովի առաջին օրը կազմակերպվել են պանելային 3 քննարկումներ՝ «Մարզերում ձեռնարկատիրության էկոհամակարգի խթանումը», «Միջազգային ընկերությունների մարտահրավերները մարզերում» և «Տեխնոլոգիաները` որպես այլ ոլորտների զարգացման գրավական» թեմաներով: Երկրորդ օրը միջազգային և տեղական փորձագետների, մենթորների կողմից անցկացվել են սեմինարներ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 200 երիտասարդների համար։
Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից: