Foto

Ռուսաստանը որոշե՞լ է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հետ:

ՌԴ նախագահը երկու երկրների առաջնորդների հետ, ըստ ռուսական gazeta.ru, քննարկել է եվրասիական տարածքում փոխհամագործակցության հարցեր:

Իսկ ըստ ռուսական «ТАСС» գործակալության՝ Պուտինը Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ քննարկել է եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիականացման և արևելաասիական գագաթաժողովի հետ կապված հարցեր:

Առաջին հայացքից՝ սրանք ուղղակի լրատվական կարճ տեղեկություններ են, որոնք ընդամենը տեղեկացնում են ՌԴ նախագահի ունեցած զրույցների մասին: Մեր դիտանկյունից, սակայն, մի շարք հարցեր են առաջացնում, որոնք կարող են առնչվել Հայաստանի, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի խնդրին:

Առնվազն տարօրինակ է, որ, օրինակ, ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերը ՌԴ նախագահը քննարկում է դրա անդամ միայն երկու երկրների առաջնորդների հետ, այն դեպքում, երբ Հայաստանը նույնպես այդ կառույցի անդամ է, և ըստ տրամաբանության, նման զրույց պետք է լիներ նաև Փաշինյանի հետ: Վերոգրյալ փաստերը ենթադրելու տեղիք են տալիս, որ Պուտինը թե՛ Լուկաշենկոյի, թե՛ Նազարբաևի հետ քննարկել է ՀԱՊԿ-ին առնչվող հարցեր՝ որոշելու, թե ինչպես է լուծվելու կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

Նկատենք, որ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցն օրակարգ հենց այդ երկու երկրներն էին բերել, ինչին խիստ ընդդիմացել էր Հայաստանը, մյուս կողմից էլ դեռևս նոյեմբերի 7-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար հնարավոր երեք տարբերակ է առաջ քաշվում, որոնց մեջ էր նաև Բելառուսի ներկայացուցիչը: Մյուս երկուսը Հայաստանի ու Ռուսաստանի առաջարկած թեկնածուներն էին:

Հաշվի առնելով փաստը, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցը նախորդ նիստի ժամանակ այդպես էլ լուծում չստացավ, ռուսական կողմն էլ այս հարցով անընդհատ ինչ-ինչ հայտարարություններ ու բացահայտ կամ ծածուկ քայլեր է ձեռնարկում, չի բացառվում, որ քարտուղարի պաշտոնը ո՛չ քեզ, ո՛չ նրան սկզբունքով բաժին հասնի Ռուսաստանին: Այս կերպ կգործի գայլերի կուշտ ու ոչխարների անվնաս լինելու կանոնը, ու հարցին ժամանակավոր լուծում կտրվի:

Հ.Գ. Հրապարկումն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների առաջնորդները նույնպես եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր են քննարկել: Վերոգրյալը թերևս հաստատում է մեր առաջ քաշած այն թեզը, որ Ռուսաստանը որոշել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցին օր առաջ լուծում տալ: Թե առայժմ ինչ սցենար է շրջանառում անձամբ Վլադիմիր Պուտինը, պարզ կդառանա մինչև դեկտեմբերի 6-ը:

Վրույր Սևակ Vesti.am