Ազատության հրապարակից տեղի է ունեցել «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթը», որի մասնակիցները շարժվել են դեպի ՀՀ ԱԳՆ և ՌԴ դեսպանատուն՝ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ հնչեցնելու իրենց պահանջները:
Երթի մասնակիցների պահանջում մասնավորապես ասվում է.
«Մենք, դասեր քաղելով Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, իրականացրած պատերազմական հանցագործություներից հատկապես՝ ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ, հայտարարում և պահանջում ենք՝
- Հայաստանը և Արցախը Ադրբեջանին որևէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն,
- Արցախի խաղաղության և անվտանգության միակ ապահովողը եղել է և պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին և այլոց պաշտպանելու համար,
- Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ,
- Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը,
- Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել և օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ»:
Vesti.am