Ֆրանկոլիբանանյան համագործակցությունը մեծագույն հարստություն է: Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին իր ելույթում նշեց Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա կարևորեց մի քանի լեզուների իմացությունը՝ նշելով, որ դա հարստացնում է մարդուն:
«Ծնվելուց հետո մոր հետ առաջին կապը լեզուն է: Կյանքի ընթացքում, սովորելով նոր լեզուներ, մարդը հարստանում է և մեկից ավելի լեզու իմանալը բազմապատկման նշան է: Ես հնարավորություն ունեմ մտածել ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ, սովորել եմ իտալերեն, իսպաներեն, անգլերեն: Լեզվի ուղեգիծը հրաշալի կամուրջ է քաղաքակրթությունների միջև: Ֆրանկոֆոնիան պետք է հաստատի միասին ապրելու գերագույն արժեքը: Նա նշեց, որ Լիբանանը ներկայացնում է աշխարհի մանրակերտը, մեկ հասարակության մեջ ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ: Լիբանանը յուրահատուկ օրինակ է հանդուրժողականության տարածման գործում: Միասնական կյանքը, միասին ապրելը մեր բոլորի գերագույն արժեքն է: Սրան հետևում է կազմակերպություններ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնք կտարածեն հանդուրժողականությունը, խաղաղությունը: ՄԱԿ-ում նախաձեռնություն ունեցա՝ ստեղծելու երկխոսության ձևաչափեր: Կցանկանայի տեսնել դրանց լայնամասշտաբ տարածումը: Լիբանանը մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի շարժիչ ուժերից մեկն է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Բեյրութում ստեղծվելու է Ֆանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային կենտրոն, և ես հայտնում եմ աջակցելու իմ պատրաստակամությունը»: