Foto

Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որ ցանկանում ենք կառուցել. Ջասթին Թրյուդո

Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց, երկիրն այդ տիրույթի լիիրավ անդամ է՝ լինի 99, թե 9 մլն բնակչությամբ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար ու այս ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրը ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության: Մենք պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Այս գագաթաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու մեր կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում: Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Բնիկ ժողովուրդներ կան շատ, որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Սակայն ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու այլ պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից 5-ը ֆրանկոֆոն պետություններ են: Կարևոր է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում հատկապես աֆրիկյան երկրների ներկայացվածությունը:

Աֆրիկան այսօր հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի շարժիչը՝ հաշվի առնելով բնակչությունը և զարգացման տեմպը: Մեր պատասխանատվությունն է՝ մեր երիտասարդությանը հավասար հնարավորություններ ընձեռել սովորելու ու հաջողություններ գրանցելու: Կանադան ակտիվորեն մասնակցում է Մալիում ՄԱԿ-ի գործառույթներին:  Այսօր կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ Մալիում գրանցվում են հաջողություններ կանանց իրավունքների հարցում: Այնտեղ նվազում է խտրականությունը: Սա մեր գործառույթներից մեկն է Աֆրիկայում: Մենք աֆրիկյան մայրցամաքի համար ցանկանում ենք լինել երկարաժամկետ գործընկեր: Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրակոֆոնիայի արժեքները, որոնք մարդու իրավունքներն են»,- ասաց Թրյուդոն շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին ու ամբողջ հայ ժողովրդին: