Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Կովկաս ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական նախահարձակ գործողություններին, ասել է, որ դրան նպաստող գործոններից մեկն էլ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական խնդիրներն ու տարիներ շարունակ հնչող հռետորաբանությունն է:
Ըստ քաղաքագետի՝ ապրիլյան իրադարձությունների սկզբում Ադրբեջանի ղեկավարությունը, սահմանափակ նպատակներ ուներ. նախ ցանկանում էր երկու տեղում ճակատը ճեղքել և հաջողության դեպքում ընդունել քաղաքական որոշում՝ իրականացնել ռազմական լայնամասշտաբ գործողություններ, թե՞ ոչ:
-Չնայած ռազմական ձախողմանը՝ Ադրբեջանին հաջողվեց հասարակության ուշադրությունը շեղել ներքաղաքական ծանր վիճակից: Սկսելով այս ռազմական գործողությունը՝ Ադրբեջանը հույս ուներ, որ բանակցային գործընթացում կկարողանա հօգուտ իրեն փոխել դիվանագիտական մթնոլորտը, ավելի կոշտ պահանջներ կդնի և միակողմանի զիջումների կհասնի,-ասել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ ամենահավանական սցենարը որոշ ժամկետով ՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի շարունակությունն է:
Անդրադառնալով Մինսկի խմբին՝ բանախոսը նշել է, որ համանախագահների նպատակը կլինի հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ հաստատելը, որը, ըստ նրա՝ այդքան էլ չի հաջողվի:
Սերգեյ Մինասյանն ասել է, որ Ադրբեջանի հասարակությունն ու ղեկավարությունը պետք է ավելի ստույգ գիտակցեն հնարավոր պատերազմի գինը.
-Ռազմական գործողությունները շատ կարճ տևեցին, և հայկական կողմը զինատեսակները լիարժեք չօգտագործեցին, եթե վերսկսվի, ապա պատերազմական գործողությունները լայնածավալ կլինեն: Մեր գլխավոր խնդիրը ոչ թե դիվանագիտական դաշտում է, այլ՝ ռազմական,-ասել է նա:
Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենով իր խնդիրներն էր փորձում լուծել նաև Թուրքիան, որը, ըստ նրա՝ ուզում էր Ռուսաստանի հետ հաշտվել Ղարաբաղում իր պայմանները թելադրելով:
Սերգեյ Մինասյանն ասել է, որ եթե ռազմական գործողություններն Ադրբեջանի համար շահավետ ծավալվեին, Թուրքիան կորոշեր ավելի վստահ խոսել՝ առաջարկելով հակամարտության լուծման իր ուղիները.
-Օրինակ, կարող էր Ռուսաստանին ասել, թե մենք դժվարություններ ունեինք, բայց հիմա կարող ենք դրանք հաղթահարել համատեղ ջանքերով։ Ղարաբաղում ռուս և թուրք խաղաղապահներ տեղակայենք, դրանով էլ հաշտվենք։ Բայց դա տեղի չունեցավ։ Չնայած Թուրքիան հենց նման հույսեր ուներ,-ասել է Սերգեյ Մինասյանը՝ ընդգծելով, որ բնականաբար, պայմաններ թելադրել կարելի է, բայց եթե առավելություն ունես, իսկ Թուրքիան Ադրբեջանից հենց նման առավելություններ է ակնկալում:
Vesti.am