Foto

Կերեք հաճախակի և քիչ չափաբաժիններով. մասնագետի խորհուրդները

Պահածոները բավականին հեշտացրել են մեր կենցաղը, բայց պետք է փաստել, որ պահածոները չեն ներառվում առողջ սննդի մեջ: Պատճառն այն է, որ պահածոյացման պրոցեսին մասնակցում է ցինկի օքսիդը: Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովի շրջանակում Vesti.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց գաստրոէնտերոլոգ Գրետա Մարգարյանը:

«Ցինկի օքսիդը, սակայն, մեր օրգանիզմին վնաս է և նպաստում է մարսողության խանգարմանը. ցինկի օքսիդը պահածոյացված սննդի հետ անցնում է մեր օրագանիզմ և նպաստում է մարսողական խնդիրների զարգացմանը»,-ասաց նա:

Բժշկի խոսքով՝ նույն խնդիրը լինում է նաև գործարանային պահածոների դեպքում, թեև մշակման որոշակի ստանդարտներ կան, որոնք կենցաղում չենք կարող ապահովել:

«Բարձր ջերմաստիճան, սանիտարական պայմաններ: Ճիշտ է, թվում է, թե կենցաղում կարող ենք ավելին անել, քան գործարաններում, բայց գործարաններում ունեն հստակ ստանդարտներ, որոնք բերում են ավելի անվտանգ պահածոների պատրաստմանը: Ցավոք, մենք տանը նման մշակում չենք կարող ապահովել: Արտադրամասային պահածոների բացասական կողմն այն է, որ պահպանման երկար ժամկետի համար իրենք ցինկի օքսիդ և հավելյալ միկրոէլեմենտներ են կիրառում, որոնցից չենք թունավորվի, տոքսիկացիա չի առաջանա, սակայն դրանք նպաստում են մեզ մոտ պաթոլոգիկ միկրոֆլորայի ձևավորմանը»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ նախընտրելի է, որ հատկապես մարսողական խնդիրներ ունեցող անձիք զերծ մնան պահածոների կիրառումից:

Գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տալիս պահածոներ ձեռք բերելիս տուփի վրա նշված բաղադրությանը ուշադրություն դարձնել. բաղադրության մեջ պետք է լինի տվյալ մթերքը, աղ, շաքար և համեմունքներ. հավելյալ նյութերի առկայությունը խոսում է այն մասին, որ կա վատ որակի սննդամթերք և, բացի այդ, նպաստում են դրա պահպանման երկարաժամկետությանը:

Ըստ մասնագետի՝ վերջին ժամանակահատվածում առողջ սննդի մասին մարդկանց պատկերացումները փոխվել են և առողջ ապրելակերպ վարելու միտում կա:

«Ցավոք, մեր աշխատանքային առօրյան այնպիսին է, որ շատերը ձգտում են արագ սննդի և հենց պահածոները դրա մի մասն են կազմում»:

Ի՞նչ պետք է հասկանանք առողջ ապրելակերպ ասելով. թարմ մթերք, ճիշտ սննդակարգով և ճիշտ ռեժիմով սնվել, ասում է մասնագետը: Նա կարևորում է նաև ֆիզիկական բարձր ակտիվությունն ու առողջ քունը: Գաստրոէնտերոլոգը միաժամանակ նշեց, որ թեև մրգերը մեր օրգանիզմի համար շատ օգտակար են, այնուամենայնիվ, նախընտրելի է երեկոյան չուտել, քանի որ առաջացնում է վքնածություն: Մասնագետը խորհուրդ է տալիս ուտել հաճախակի և քիչ չափաբաժիններով, որը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը և աղեստամոքսային տրակտի շատ խնդիրներից զերծ մնալուն:

Մերի Բալասանյան

Vesti.am