ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արեմն Փամբուխչյանը «Facebook»-ի իր էջում գրում է.
«Սեպտեմբերի 25-ին ընդունեցի միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր նախորդ օրը բողոքի ակցիա էին իրականացրել նախարարության մոտ:
Փոխադրողները ներկայացրին իրենց դժգոհությունները միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների ընթացակարգի ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացակարգի փոփոխությունների հնարավորությունները:
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները հանդես եկան առաջարկով, որ այսուհետ գնահատման գործընթացը կատարվի բարձրաձայն՝ թափանցիկ ընտրական արդյունքների համար:
Նախարարությունը ևս կողմնակից է մրցույթների անցկացման ու տրանսպորտային միջոցների գնահատման գործընթացի թափանցիկությանը և վստահեցնում եմ, բոլոր ընկերություններին տրվելու են հավասար հնարավորություններ, բացառվելու է կողմնակալությունը:
Ի պատասխան բողոքի, առաջարկեցի նոր մրցույթ կազմակերպել, որի մասին պաշտոնապես կտեղեկացնենք շուտով: Սակայն ընկերություններն էլ իրենց հերթին պետք է հաշվի նստեն գործող կարգի, մրցույթի համար ներկայացվող պահանջների հետ և փորձեն լավագույնս բավարարել դրանց:
Հորդորում եմ բոլորին՝ որպես թափանցիկության երաշխիք, կարող են գալ բոլոր հասարակական կազմակերպությունների կամ ԶԼՄ ներկայացուցիչները՝ հետևելու հանձնաժողովի աշխատանքին և գնահատման գործընթացի օբյեկտիվությանը:
Անդրադառնալով վարորդներին հուզող մյուս խնդրին՝ թույլտվությունների (дозволь) շուտ վերջանալու հետ կապված, տեղեկացնում ենք, որ այսուհետ մեկ վարորդին տրվելու է ոչ ավելի, քան մեկ թույլտվություն (дозволь)»: