Foto

Հաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրներն ու դրանց բուժումը. պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանը

Vesti.am-ը «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանի հետ զրուցել է Հայաստանում հաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրների, բուժման ու կանխարգելման և ոլորտի նորամուծությունների մասին:

-Հիմնականում ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

Խնդիրները բազմազան են: Այս ժամանակահատվածում խնդիրների երիտասարդացում է նկատվում և երկրորդ տեղն ավելի շատ կազմում են չբերության հետ կապած խնդիրները:

-Իսկ ինչպիսի՞ն է մարդկանց տեղեկացվածությունը գինեկոլոգիական խնդիրների վերաբերյալ, դիմո՞ւմ են բժշկի, թե՞ սպասում են դանակը հասնի ոսկորին:

Հիմա ժամանակները փոխվել են, դիմում են: Միտում ենք նկատում, որ ավելի շատ դիմում են զույգերով, ոչ թե անհատական: Ամոթ չէ բժշկի գնալ ուղղակի խորհրդատվության համար, պրոֆիլակտիկ ստուգման համար:

-Տարիներ առաջվա համեմատ կանանց մոտ գինեկոլոգիական խնդիրների ի՞նչ միտում է նկատվում:

Խնդիրներն ավելացել են ավելի շատ այն առումով, որ դրանց մասին ավելի շատ են բարձրաձայնում: Եթե առաջ այդ խնդիրներն ավելի ծածուկ, ոչ արտահայտված են եղել, հիմա մարդիկ ուղղակի ավելի լսելի են դարձնում իրենց խնդիրները: Դրա համար էլ թվում է, թե ժամանակահատվածի հետ խնդիրները շատացել են: Բացի այդ, հիվանդությունները հիմա երիտասարդացել են, դրա համար էլ ավելի լսելի է թվում: Երկրորդը՝ տեխնիկապես շատացել է հիվանդությունների բացահայտումը ևս: Առաջներում ինչքան էինք ունենում հիվանդ երեխաների ծնունդ, տարբեր խնդիրներով երեխաների ծնունդ: Հիմա ծնելիության հասնելու ճանապարհին, հղիության ամբողջ ընթացքում մայրերը, եթե հասկանալով են մոտենում տվյալ հարցին, մանրակրկիտ հետազոտությունների են ենթարկվում, որպեսզի ունենանք առողջ սերունդ:

-Եթե համեմատենք միջազգային փորձի հետ, Հայաստանում գինեկոլոգիական խնդիրների բուժումն ի՞նչ մակարդակի վրա է:

Շատ բարձր մակարդակ է, որովհետև մենք չենք զիջում միջազգայինին ինչ-որ գլոբալ խնդիրներով: Եթե զիջում ենք, դա լինում է լաբորատոր հետազոտությունների հետ կապված, կարող է դեղորայքի որակական խնդիրներ կան: Այսօր Հայաստանի ամեն մի մասնագետ կարողանում է շփվել, հետաքրքրվել թե՛ ինտերնետով, թե՛ սոցցանցերով, ճանապարհները բազմաթիվ են, որ դու շփում ունենաս արտաքին աշխարհի հետ և տեղեկացված լինես նորամուծություններից և նորություններից: Միայն հարցն այն է, որ մենք կարող է ունենալ տեխնոլոգիապես ավելի վատ մոտեցում այդ հարցերին. դա կլինի ուլտրաձայնայինը, համակարգչային տոմոգրաֆիան, անալիզների որակները: Ավելի շատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

-Խոսեցիք նորամուծություններից, Հայաստանում վերջին շրջանում ի՞նչ նորամուծություններ կան այս ոլորտում:

Սկսենք նրանից, որ հղիության ընթացքում կատարվում է սկրինինգային հետազոտություն, և՛ անալիզների միջոցով, և՛ ուլտրաձայնային հետազոտությունների միջոցով, միջազգային բազան օգտագործելով կարողանում են տալ որոշակի գենետիկ խնդիրների հնարավոր ռիսկը, որից մենք խուսափում ենք գենակոդերում քրոմոսոմային հիվանդություններից: Դա արդեն բավականին մեծ քայլ է: Ուռուցքներին վերաբերող հետազոտություններ են կատարվում. նախաքաղցկեղային վիճակները, դրանց ընթացքը, որպեսզի չհասնենք քաղցկեղին և ճիշտ բուժման ընթացքում ունենանք ավելի քիչ քաղցկեղածին հիվանդություններով կանայք:

-Ձեր խորհուրդը հայ կանանց, ինչպե՞ս խուսափել գինեկոլոգիական խնդիներից:

Խնդիրներից խուսափելու համար պետք է առաջին հերթին ունենալ տվալ մասնագետի մոտ տարին մեկ անգամ այցելելու գործընթացը, որ քո մասնագետը պահպանի առողջության ընթացակարգը, որ ռիսկի դասին ես պատկանում, այդ ռիսկի դասում ի՞նչ կարող են պրոֆիլակտիկ անել, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք: Ամեն տարի տարբեր բժիշկների մոտ գնալը սխալ է. մարդ պետք է ունենա բժիշկների այլընտրանքային կարծիքներ, բայց պետք է մեկը լինի, ով հսկողություն է իրականացնում, ով գիտի քո գենակոդը, գիտի ռիսկի գործոնները և ամեն ինչ կանի, որպեսզի այցելուն հետագայում խուսափի բարդություններից:

-Գնային առումով որքանո՞վ է Հայաստանում բուժումը մատչելի:

Թե՛ հետազոտությունը, թե՛ բժիշկների հասանելիությունն աննկարագրելի տարբեր է այլ երկրների հետ համեմատած, դա պարզապես մեզ մոտ չի գնահատվում, մինչև չեն տեսնում մյուս տարբերակը: Արտասահմանում բժշկի ներկայանալու համար պետք է երկու ամիս առաջ գրանցվես, անկախ քո շտապողականությունից: Մենք ունենք մի խնդիր՝ շատ շուտ աղավաղվում  է ամեն ինչ, բժիշկների քարոզարշավը պետք է փոխվի, աշխատելաոճը, բժիշկը պետք է հարգի իրեն, գնահատի ինքն իրեն, գնահատի իր աշխատանքը և գնահատված կլինի հիվանդների կողմից, և հիվանդը կհասկանա, որ տվյալ բժիշկն իրեն ինչ-որ ֆինանսական ծանրաբեռնվածության տակ չի գցի, կարվի այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Այդ դեպքում և՛ հիվանդը, և՛ բժիշկը կլինեն ապահովված և հարգված մեկը մյուսի կողմից:

Հ.Գ. Նշենք, որ հարցազրույցն անցկացվել է  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովի շրջանակում:

Մերի Բալասանյան