Foto

Արա Աբրահամյան. «Քաղաքական գլխավոր ուժը հայ ժողովուրդն է»

Vesti.am-ի բացառիկ հարցազրույցը Համաշխարհային հայկական կոնգրեսի  և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ

-Պարոն Աբրահամյա՛ն, անցած տարին հատուկ նշանակություն ուներ հայ ժողովրդի և Հայաստանի համար, քանի որ 2015թ. լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպե՞ս կամփոփեք նախորդ տարին:

-Անվիճելի է, որ 2015թ. հատուկ տեղ է գրավել մեր պատմության մեջ, քանի որ լրացավ ХХ դարի առաջին Ցեղասպանության 100 տարին: Ցեղասպանություն, որը խլեց ավելի քան 2 մլն հայի կյանք և զրկեց մեզ պատմական հայրենիքի մեծ մասից՝ Արևմտյան և Հարավային Հայաստանից:

Պետք է ասել, որ Հայաստանը և Սփյուռքը հսկայական քայլեր են ձեռնարկել միջազգային հանրության ուշադրությունն այդ ողբերգական տարելիցի վրա հրավիրելու համար: Գլխավորը, մենք կարողացանք քաղաքակիրթ աշխարհի հետ ամրագրել, որ Հայոց ցեղասպանության հետևանքների քաղաքական-իրավական չեզոքացումը միջազգային արդիական խնդիր է, այլ ոչ թե պատմական թեմա: Առանց տվյալ հարցի լուծման՝ հարևան Թուրքիայի քաղաքականությունում նախկինի պես պահպանվում է ցեղասպանության կրկնության հնարավորությունը, խոցելի է մնում Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգությունը: Սիրիայում և Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունները ակնհայտորեն հաստատում են այս թեզը:

Առաջին անգամ մենք կարողացանք միավորել հայության կոլեկտիվ ջանքերը՝ մշակելու քաղաքական հարթակ, ինչը հստակ դրսևորվեց Համահայկական հռչակագրի ընդունմամբ, որում դրված է երկու հիմնական սկզբունք՝ Հիշում և Պահանջում եմ: Այլ կերպ ասած, հայ ժողովուրդը և պետությունը երբեք չեն կարող մոռացության մատնել Ցեղասպանության ոճրագործությունը և, միաժամանակ, մենք ունենք բոլոր հիմքերը՝ միջազգային իրավունքներին համապատասխան, պահանջելու վերացնել դրա հետևանքները՝ բարոյական, տնտեսական, ֆինանսական և քաղաքական ոլորտներում:

2015թ. ապրիլին միջազգային քաղաքականության գլխավոր թեման Հայաստանն էր և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:

Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության բոլոր զոհերի սրբադասումը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցած սգո պատարագը և հայերի ողբերգությունը ХХ դարի պատմության մեջ որպես Առաջին ցեղասպանության ճանաչումը, Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցների՝ Ավստրիայի և Գերմանիայի, ինչպես նաև մի շարք այլ խորհրդարանների համապատասխան հռչակագրերը, Երևանում սգո արարողությունները օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, և առաջին հերթին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Սերբիայի նախագահների, միջազգային ԶԼՄ-ում բազմաթիվ հրապարակումները և առաջատար հեռուստաալիքներում հաղորդումները, հարյուր և հազարավոր հիշատակի միջոցառումներն աշխարհի տարբեր երկրներում՝ դրանք ի ցույց դրեցին միջազգային հանրության զորակցությունը հայ ժողովրդի խնդրին և վարկաբեկեցին Թուրքիայի մերօրյա իշխանությունների քաղաքականությունը՝ Հայոց ցեղասպանության բուն փաստի ժխտման հարցում:

Պետք է ընդգծեմ Հայաստանի իշխանության և քաղաքացիական հասարակության, և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգման ՀՀ պետական հանձնաժողովի, և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի կառուցողական գործունեությունը:

Ենթադրում եմ, որ պետական հանձնաժողովի անդամների որոշումը՝ ստեղծել համահայկական մարմին՝ Ազգային խորհուրդը, դառնալու է հարթակ՝ համայն հայության բոլոր հարցերը քննարկելու համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ռուսաստանցի հայերին և, մասնավորապես, Ռուսաստանի հայերի միության բոլոր անդամներին, որոնց ջանքերով բարձր մակարդակով անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Շնորհակալություն եմ հայտնում նաև ՌԴ բոլոր պետական և հասարակական կառույցներին՝ տվյալ հարցին լայնամասշտաբ աջակցության և օժանդակության համար:

Պետք է ասել, որ և՛ Ռուսաստանի նախագահը, և՛ Պետական Դումայի պատգամավորները այս հարցին մոտեցան քաղաքականապես պատասխանատու կերպով՝ որպես իսկական դաշնակիցներ:

ՌԴ նախագահի ուղերձը «Ռուսաստանի հայերի միության» կողմից կազմակերպված «Աշխարհն առանց ցեղասպանության» հուշ–երեկոյի մասնակիցներին, որն ընթերցվեց Միությունների տան սյունազարդ դահլիճում, իր խստությամբ և ճշգրիտ ձևակերպումներով աննախադեպ դարձավ այդ մակարդակի ղեկավարի պարագայում, և հանգեցրեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի՝ սպառնալիքով Մոսկվայից հետ կանչել թուրք դեսպանին։

ՌԴ նախագահ Վ.Պուտինը ռուսական պետական ղեկավարության պատմության մեջ առաջին անգամ տվյալ ողբերգական իրադարձություններն անվանեց ցեղասպանություն, 2015թ. ապրիլի                                               24-ին այցելեց Երևան և Ծիծեռնակաբերդում մասնակցեց զոհերի հիշատակի գլխավոր միջոցառումներին: Իր հերթին, 2015թ. ապրիլին պատգամավորներն ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հերթական բանաձևը, իսկ նոյեմբերին հանդես եկան Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնությամբ:

Իհարկե, Ցեղասպանության թեման հայ ժողովդրի հիշողության մեջ զգայուն տեղ ունի և շարունակում է ցավոտ ընդունվել Թուրքիայում: Սակայն, առանց տվյալ հարցի քաղաքակիրթ լուծման՝ հայ-թուրքական հարաբերություններում լարվածությունը կպահպանվի:

-2015թ. բավականին բարդ էր Ղարաբաղյան հարցի կարգավորման և հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: Ի՞նչ կարծիք ունեք այս թեմայի հետ կապված:

-Ցավոք, ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը վերջին երկու տարիներին առանձնանում է հատուկ լարվածությամբ, հակամարտող կողմերի՝ փոխզիջումային լուծման դիրքորոշումների անհամատեղելիությամբ: Բաքուն և Երևանը, Ստեփանակերտի հետ, փոխզիջում հասկացությունում տարբեր մոտեցումներ են պատկերացնում: Մենք կարծում ենք, որ հայկական մոտեցումը ռացիոնալ է և տրամաբանական:

Շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղում ռազմական լարվածության սրումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ռազմական հռետորաբանությունից անցնում է բացահայտ սպառնալիքների և ակնկալում է ուժային ճանապարհով լուծել խնդիրը՝ հօգուտ իրեն, պատրանքային հույս տածելով սպառազինության տեսանկյունից սեփական գերազանցության հարցում: Ցավոք, զոհ են գնում զինծառայողները և խաղաղ բնակիչները: Նման մոտեցումն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը և կհեռացնի մեզ խախաղության հասնելուց:

Հակամարտության գոտում իրավիճակի էլ ավելի լարումը հղի է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգով, ինչը կարող է երկարատև լինել և հանգեցնել խնդրի խաղաղ լուծման հնարավորության անվերադարձ կորստի: Իսկ Թուրքիայի յուրաքանչյուր փորձ՝ ներգրավվելու Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան ռազմական համակարտության մեջ, կվերածվի միջազգային ողբերգության, առաջին հերթին՝ Բաքվի և Անկարայի համար:

Հասկանալի  է հայկական կողմի զսպվածությունը՝ կտրուկ ռազմական պատասխանների առումով, քանի որ Երևանը հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի լուծման քաղաքական ձևաչափին: Չնսեմացնելով Մինսկի խմբի և գլխավոր միջնորդների դերակատարությունը՝ այդուհանդերձ, հայկական կողմը պետք է ավելի կտրուկ արձագանքի հակառակորդի սադրանքներին, ինչը կսթափեցնի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության «տաք գլուխներին»:

Հաշվի առնելով շփման գծում ռազմական լարվածության պահպանումը՝ միջազգային միջնորդները վերջին ամիսներին հանդես են եկել ողջամիտ առաջարկով՝ այստեղ տեղակայել հրադադարի ռեժիմի խախտման փաստերի հետաքննության տեխնիկական վերահսկողության միջոցներ:

Ենթադրում եմ, որ աշխարհի բոլոր հայերը պետք է է՛լ ավելի սերտ համախմբվեն Հայաստանի և Ղարաբաղյան հարցի արդարացի լուծման շուրջ:  Մեր բանակը եղել է և մնում է բոլոր հայերիս հպարտությունը և  Արցախում խաղաղության և անվտանգության հուսալի երաշխավորը:

-Հայաստանի զարգացման կարևոր թեմա է տնտեսական առաջընթացի արգացումը և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը: Հայաստանում շատերն էին մեծ հույսեր կապում ԵՏՄ-ին անդամակցելու հետ: Դուք, ինչպես հայտնի է, ԵՏՄ-ի և հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման ակտիվ կողմնակիցներից եք: Սակայն, 2015թ. ցուցանիշները Հայաստանի համար բավականին անբարենպաստ եղան: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

-Իսկապես, ես հայ-ռուսական ռազմավարական դաշինքի և մասնավորապես՝ տնտեսական կապերի ընդլայնման գիտակցված կողմնակիցն եմ: Այս ռազմավարության օբյեկտիվ արդյունքը դարձավ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը, ինչպես հայտնի է, ոչ միանշանակ արձագանք ունեցավ Հայաստանում և արտերկրում:

Հայաստանի համար միանգամայն ակնհայտ են Ռուսական տնտեսական շուկայի պոտենցիալ և իրական առավելությունները, էներգետիկ հարցերի, կապիտալի ազատ տեղաշարժի, ապրանքների և աշխատուժի, ինչպես նաև՝ լեզվի տարածության առումներով: Եվ հայկական երիտասարդ տնտեսության արտաքին գլխավոր ներդրողը կրկին Ռուսաստանն է: Էլ չեմ ասում այն էական անշարժ գույքի և ընկերությունների մասին, որոնք Հայաստանի իշխանությունների որոշմամբ դարձան Ռուսաստանի սեփականությունը:

Ցավոք, Ռուսաստանի՝ ԵՏՄ-ի հիմնական շուկայի, դեմ իրականացվող տնտեսական (պատժամիջոցային) պատերազմը, դրան հաջորդած ռուբլու արժեզրկումը, նավթի միջազգային գների անկումը, սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամը և աշխատատեղերի կրճատումը հանգեցրել են նմանօրինակ անմխիթար իրավիճակի նաև Հայաստանի համար: Որպես հետևանք՝ առևտրաշրջանառության, ռուսական ներդրումների, ֆինանսական տրանսֆերտների կրճատում, աշխատանքային միգրանտների արտահոսք:

Սակայն, ես վստահ եմ, որ տվյալ իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում. Ռուսաստանը պահպանում է տնտեսական զարգացման իր մեծ ներուժը: Իր հերթին՝ ԵՏՄ-ն գտնվում է իրավական, ֆինանսական, տնտեսական և հարկաբյուջետային ինտեգրման նոր միջավայրի ադապտացիայի ձևավորման փուլում:

Պետք է ասել, որ ներկա բարդ տնտեսական և քաղաքական իրավիճակում, Ռուսաստանի իշխանությունները և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են ցուցաբերում Հայաստանում առկա խնդիրներին: Այսպիսով, վերջին ամիսներին ես բազմիցս այցելել եմ Հայաստան՝ ռուս ներկայացուցչական պատվիրակությունների կազմում: Մենք՝ «Ռոստեխնոլոգիայի» պետական կորպորացիայի ղեկավար Ս.Վ. Չեմեզովի, «Միացյալ նավաշինություն կորպորացիա» ԲԲԸ ղեկավար  Ա.Լ. Ռախմանովի և «РТ-Քիմկոմպոզիտի» գլխավոր տնօրեն Կ.Յ. Շուբսկիի հետ այցելել ենք Երևան և հայ գործընկերների հետ քննարկել ենք նոր աշխատատեղերի բացման, նոր ներդրումների և ժամանակակից տեխնոլոգիաների արդիական հարցեր: Հուսով եմ, որ համաձայնությունների հասնելը կհանգեցնի Հայաստանի տնտեսությունում նոր դրական գործընթացների, արտաքին առևտրաշրջանառության աճին և աշխատանքային միգրացիայի կասեցման միտումներին: Ընդգծեմ, որ  համաձայնագրի Ճակատագիրը  կախված է ոչ միայն ռուսական կողմից, այլև՝ Երևանից:

Միաժամանակ, մենք ուսումնասիրում ենք եվրասիական տնտեսական անդամակցության նոր հնարավորությունները և գործընկերության չբացահայտված ներուժը:

Համապատասխանաբար, արդիականացվում է ԵՏՄ-ի գործունեության տեղեկատվական աջակցության հարցը, Միության անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտների և բիզնեսի երկխոսության ակտիվացումը: Այս առումով, մենք մի շարք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել: Մեր նախաձեռնությամբ Հայաստանում մոտ ժամանակներս կստեղծվի ԵՏՄ-ի տեղեկատվական կենտրոն, 2016թ. հունիսի 22–26-ին ծրագրվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միջազգային խոշոր ֆորում՝ ԵՏՄ երկների բիզնեսի և այլ շահագրգիռ արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ:

Այս ամենը, իմ կարծիքով, կնպաստի մեր հնարավորությունների բացահայտմանը, ինտեգրման ոլորտների կապիտալի ներդրումների ճշտմանը, տարածաշրջանային մակարդակով գործարար համագործակցության գործընթացի ապակենտրոնացմանը, տնտեսական միության բազմաբովանդակ ծրագրերի մշակմանը: Եվ իհարկե՝ նման խոշոր միջազգային միջոցառումի անցկացումը  Հայաստանում  չի կարող իր դիվիդենտները չբերել մեր հայրենիքին։

Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկրների պատժամիջոցները և ռուսական իշխանությունների պատասխան միջոցառումները ԵՏՄ-ի մեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի համար, օբյեկտիվորեն նոր հնարավարություններ են ստեղծում ազատված տարածությունն իրենց ապրանքներով լրացնելու համար:

Հայաստանի դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքն ու բարձր տեխնոլոգիաներն են: Այլ կերպ ասած, տնտեսական ճգնաժամը և ստեղծված քաղաքական վերադասավորումները նոր հնարավորություններ են ստեղծում բարեկամական երկրների տնտեսական համագործակցության ակտիվացման համար: Բայց դրա համար հենց նույն հայ գործընկերներին անհրաժեշտ է բարձրացնել արտադրողականությունն ու աշխատանքային կարգապահությունը, ավելի արհեստավարժ բիզնես կազմել նախագծեր և իրականացնել արտաքին համագործակցությունը, իսկ ՀՀ պետական մարմինները պետք է ավելի առարկայորեն պաշտպանեն ազգային շահերը՝ տնտեսության ոլորտում: Չէ որ հեշտ է խորհուրդներ տալը և քննադատելը, բայց առաջին հերթին անհրաժեշտ է անձամբ մրցունակ ակտիվություն դրսևորել:

Վերցնենք Սիրիայում իրավիճակի և Թուրքիայի ՌՕՈՒ ագրեսիվ գործողության պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման վերջին օրինակը: Ռուսաստանը ստիպված էր թուրքական ապրանքների նկատմամբ որոշակի տնտեսական պատժամիջոցներ մտցնել: Սակայն շուկայի ազատվելը այդ նույն թուրքական բանջարեղենից և մրգից, պահանջում  է համապատասխան փոխարինում այլ արտադրողներով,  որտեղ Հայաստանը կարող է որոշակի տեղ զբաղեցնել: Թուրքական շինարարական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները նույնպես պոտենցիալ հնարավորություն են ստեղծում հայկական շինարարական կազմակերպությունների ակտիվացման համար: Բայց դրա համար անհրաժեշտ է աշխատել՝ ինչպես արտադրողներն և բիզնեսը, այնպես էլ քաղաքական գործիչները:

-Ի՞նչ կարելի է ասել Հայաստանում կոռուպցիա խնդրի մասին, և ինչպես պայքարել դրա դեմ:

-Ցավոք, նորանկախ Հայաստանը չկարողացավ հաղթահարել այս խնդիրը: Կոռուպցիայի չափերը բնական սպառնալիք են դառնում ազգային անվտանգությանը, խոչընդոտ՝ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին, և իշխանությունների ու հասարակության կողմից անհապաղ միջոցառումներ են պահանջում: Ստեղծված իրավիճակի պատճառները օբյեկտիվ և սուբյեկտիվ արմատներ ունեն՝ կապված նախորդ դարաշրջանի վարչարարության և կառավարման ժառանգության, ստվերային տնտեսության բարձր մակարդակի, մի խումբ մարդկանց կողմից խոշոր բիզնեսի մենաշնորհացման, փոքր և միջին բիզնեսի փաստացի բացակայության, կադրային քաղաքականության կլանայնության, իրավական և դատական համակարգի անարդյունավետության հետ և այլն:

Միաժամանակ, առանց կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի՝ չի կարելի տնտեսական և քաղաքական հաջողության հույս ունենալ:

Աշխարհում կոռուպցիային արդյունավետ դիմագրավելու և դրա ծավալը նվազագույնի հասցնելու շատ դրական օրինակներ կան: Թեկուզ՝ Սինգապուրի օրինակը: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է իշխող ռեժիմի քաղաքական կամք, զարգացած քաղաքացիական հասարակություն, քաղաքական ընտրությունների թափանցիկություն, կուսակցական մրցակցություն, հատուկ ծառայությունների արդյունավետ համակարգ, գործունյա իրավապահ և դատական մարմիններ, կատարյալ օրենսդրություն և օրենքի գերակայություն: Եվ, իհարկե, առանց համապատասխան տնտեսական ծրագրի՝ մեզ համար դժվար կլինի հաղթահարել կոռուպցիան: Կոռուպցիան առաջին հերթին կապված է տնտեսական խնդիրների հետ, իսկ հետո վերածվում է քաղաքական սպառնալիքի: Կոռուպցիայի դեմ պայքարում պատիժը պետք է այլընտրանք չունենա, բայց նաև համաչափ լինի: Խոսքը չպետք է երկար ժամկետով ազատությունից զրկելու, ունեցվածքի ամբողջական բռնագանձման և ունեզրկման մասին լինի: Մենք պետք է յուրաքանչյուր գիտակից քաղաքացու տնտեսական համաներման հնարավորություն ընձեռենք՝ պայմանով, որ նրանք կփոխեն հետագա գործունեության կանոնները, պետությանը կվերադարձնեն ապօրինի ձեռք բերված միջոցները և գույքը: Բոլոր նմանօրինակ դեպքերում անհրաժեշտ է թափանցիկ աճուրդներ կազմակերպել՝ կալանքի տակ դրված գույքիհետագա մասնավորեցման նպատակով: Միայն միջոցառումների նման համակարգը և իշխանությունների ուժեղ կամքը ի վիճակի կլինեն ճնշել կոռուպցիան Հայաստանում:

-Պարոն Աբրահամյա՛ն, շոշափելով տնտեսական թեման և արտաքին կապերը՝ ի՞նչ կարծիք ունեք այլ միջազգային գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ հաշվի առնելով մեր անդամակցությունը ԵՏՄ-ին:

-Պետության արդյունավետ տնտեսական քաղաքականությունը պետք է նախատեսի բազմաբովանդակ արտաքին տնտեսական փոխգործակցության սահմանում: Այո՛, կա ԵՏՄ-ին անդամակցությունը, որում մասնակցությունը սահմանում է առաջնային բնույթի որոշակի շրջանակային կանոններ, մաքսային հարցեր, սակագներ, որակի ստանդարտներ, ֆիսկալ համապատասխանություններ, ֆինանսավարկային ունիֆիկացիաներ և այլն: Սակայն, ԵՏՄ-ին անդամակցությունը պետք է բխի երկրի տնտեսական և քաղաքական օբյեկտիվ շահերից, այլ ոչ թե՝ հակառակը: Համենայնդեպս, յուրաքանչյուր տնտեսական միություն իր անդամների համար որոշակի արտոնություններ է ենթադրում:

Միաժամանակ, ԵՏՄ-ն ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտ դառնա այլ արտաքին տնտեսական գործընկերների հետ հասանելի հարաբերությունների ակտիվացման ճանապարհին: Մասնավորապես, ԵՄ-ն, որի հետ Հայաստանը, հնարավոր է մոտ ժամանակներում ստորագրի նոր իրողություններին հարմարեցված համաձայնագիր, ներառում է համագործակցություն՝ քաղաքական, տնտեսական և ոլորտային հարցերում: Բացի այդ, Հայաստանը չի կարող արդյունավետ առևտրատնտեսական կապեր չզարգացնել ԱՄՆ-ի հետ, որի տնտեսությունը շարունակում է առաջատար մնալ աշխարհում և որտեղ բնակվում է ավելի քան 1,5 մլն հայ:

Հայաստանի համար տարածաշրջանային կարևորագույն տնտեսական գործընկերն են հարևան Իրանն ու Վրաստանը, որոնց հետ կապված ենք վաղեմի բարեկամական հարաբերություններով, և որոնց հետ ունենք տարանցման և այլ բնույթի փոխադարձ հետաքրքրություններ:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն էլ Հայաստանի և Իրանի միջև խորացված տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում:

Երկու երկիր կարող են Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ. Հայաստանը կարող է կապող օղակ և կամուրջ դառնալ Իրանի և ԵՏՄ-ի, Իրանի և Եվրոպայի միջև, այսինքն՝ համաշխարհային լոգիստիկ համակարգի մաս: Իսկ դա, իր հերթին, կարող է արդիականացնել  Նախիջևանի երկաթուղու վերագործարկումը և խթանել հայ-ադրբեջանա-իրանական հարաբերությունները:

Նավթի գների կտրուկ անկման պայմաններում զգալի կորուստներ է ունենում նաև նավթից կախում ունեցող Ադրբեջանի տնտեսությունը: Ասել կուզի, Բաքվին տնտեսապես շահավետ կլինի Նախիջևանի բացումը, Հայաստանի հետ որոշակի հարաբերությունների վերականգնումը՝ Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդությամբ: Չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում մենք կկարողանանք համապատասխան հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, եթե Բաքուն Ղարաբաղյան հարցում հաշտեցման գնա:

Վերջապես, Հայաստանի համար արտաքին տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություն կարող է և պետք է դառնա Չինաստանը և նրա «Մետաքսե ճանապարհ» գերնախագիծը: Համապատասխան հետաքրքրություն չինական կողմն արդեն ցուցաբերում է: Պետք է ընդգծեմ, որ և՛ Իրանը, և՛ Չինաստանը դիտարկվում են որպես ԵՏՄ-ի պոտենցիալ բարեկամական գործընկերներ:

-2015թ. դեկտեմբերի 6-ին խորհրդարանական կառավարման համակարգի ձևավորման հարցով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե տեղի ունեցավ: Ի՞նչ  կարծքի ունեք այս կարևոր քաղաքական հարցի վերաբերյալ:

-Ավելի վաղ իմ հրապարակային հայտարարություններում ես անդրադարձել եմ իշխող ՀՀԿ-ի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների թեմային: Սահմանադրությունը դոգմա չէ, այն պետք է համապատասխանի երկրի հասարակական-քաղաքական կյանքի զարգացման դինամիկային: Սակայն, Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, և չի կարելի այն փոխել՝ ելնելով մարդկանց նեղ խմբի քմահաճույքից կամ շահերից:

Կարծում եմ, որ կառավարման գործող կիսանախագահական մոդելը բավականին համահունչ է Հանրապետությունում առկա իրավիճակին և նման քաղաքական բարեփոխման առանձնահատուկ անհրաժեշտություն, իմ կարծիքով, չկար: Կարելի է արդյունավետ կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աթոռին նստած: Հարցը միայն նրանում է, թե ո՞վ, և գլխավորը՝ ինչպե՞ս է ղեկավարում:

Խորհրդարանական մոդելը համաշխարհային պրակտիկայում արդարացվել է Գերմանիայի, Իսրայելի, Կանադայի և այլ երկրների օրինակով: Սակայն, Հայաստանի քաղաքական դասի մտավախությունները կապված են ոչ թե կառավարման բուն մոդելի հետ, այլ այն իրավիճակի, որ կուսակցական մեծամասնության առկայությունը (50+1% ձայն) կարող է մեզ վերադարձնել միակուսակցական կառավարման սովետական մոդելի ոչ լավ օրերին: Խորհրդարանն էլ, որը ներկայացնում է քաղաքական տարբեր կուսակցությունների և արտահայտում հասարակության քաղաքական կարծիքների ներկապնակը, թույլ է տալիս ավելի համահունչ կառուցել հարաբերությունները գործադիր իշխանության հետ:

Հաջորդ մտահոգությունը պայմանավորված է ռազմա-քաղաքական իրողության բարդ վիճակով, որում գտնվում է Հայաստանը՝ Ղարաբաղյան հակամարտության և հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորված լինելու պատճառով, ինչը սադրանքների և պատերազմի լուրջ արտաքին սպառնալիք է ստեղծում:

Համապատասխանաբար, հատուկ նշանակություն ունի հարցը, թե ում պետք է ենթարկվեն ուժային կառույցների ղեկավարները: Նախագահական մոդելում ամեն ինչ պարզ էր, իսկ, թե ինչ կլինի հիմա, դժվար է պատասխանել: Հենց նույն Իսրայելի պատմությունից մենք գիտենք, որ որոշակի փուլում վարչապետը միաժամանակ ղեկավարում էր ռազմական գերատեսչությունը (նույն իրենք՝ Դավիդ Բեն-Գուրիոնը, Լևի Էշկոլը, Մենահեմ Բեգինը): Թե ինչպես կլինի Հայաստանում, ցույց կտա ժամանակը:

Վերջապես, խորհրդարանական մոդելը ենթադրում է գաղափարական ուղղվածությամբ կուսակցությունների բավականաչափ քանակի առկայություն և քաղաքական մրցակցության բարձր մշակույթ: Ժամանակակից Հայաստանում մենք դեռ չենք կարող հպարտանալ կուսակցաշինության նման ձեռքբերումներով և ժողովրդավարական մշակույթով:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա առնվազն շարքային քաղաքացու համար տարօրինակ է թվում բուն նախաձեռնության ժամանակը, չէ՞ որ կարելի էր խորհրդարանական համակարգի առավելությունների մասին գլխի ընկնել ոչ թե իրենց կուսակցական առաջնորդի նախագահության 2-րդ ժամկետի ավարտին, այլ գոնե մինչև նրա առաջին պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2013 թվականին:

Ես չէի ցանկանա ՀՀԿ-ի այս ժամանակավրեպ որոշման մեջ տեսնել բոլոր միջոցներով իշխանությունը պահպանելուցանկություն՝ առանց համապատասխան արդյունքների և հասարակության կարծիքը հաշվի առնելու:

Այդուհանդերձ, ունենք այն, ինչ ունենք, և պետք է հետևենք օրենսդրական փոփոխություններին ու առաջնորդվենք քաղաքական նոր իրողություններով: Ես կտրականապես դեմ եմ իշխանության փոփոխության ուժային և անօրինական բոլոր միջոցներին:

-Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքը նոր հուն է ստացել՝ հաշվի առնելով Ձեր հայտարարությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին: Որքանո՞վ է այդ ցանկությունը Ձեզ համար դարձել վերջնական որոշում:  Եվ այդ դեպքում ի՞նչ քաղաքական ուժերի և կուսակցությունների հետ եք Դուք պատրաստ համագործակցել:

-Իսկապես, 2015թ. վերջում ես ցանկություն հայտնեցի մասնակցել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ հաշվի առնելով իմ ունեցած՝ Հայաստանի քաղաքացիությունը, և գլխավորը՝ մտահոգությունը իմ Հայրենիքի ճակատագրով: Դժվար է ինձ համար հեռու մնալ Հայաստանի ճչացող խնդիրներից:

Խոշոր բիզնեսում և հասարակական-քաղաքական գործունեության մեջ հասնելով որոշակի արդյունքների, ձեռք բերելով համապատասխան փորձ՝ ձեռնարկատիրական և միջազգային պրակտիկայում, ազդեցիկ կապեր և հնարավորություններ՝ ես համոզված եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ Հայրենիքին նաև որպես քաղաքական գործիչ: Սակայն, մինչև վերջնական որոշում ընդունելը, ես ուշադրությամբ ուսումնասիրում եմ Հայաստանի ներկա իրավիճակը, հասարակությունում քաղաքական ուժերի բաշխվածությունը և իմ պոտենցիալ հնարավորությունները, վերջին շրջանում իմ կողմից ձեռնարկված մի շարք նախաձեռնությունների արդյունավետությունը՝ կապված «Ազգային միասնություն» հասարակական շարժման կազմկոմիտեի ստեղծման, Հայաստանի առանձին շրջաններում դրա տարածքային գրասենյակների բացման, ինչպես նաև տնտեսական և տեղեկատվական բնույթի եվրասիական նախագծերի, Ռուսաստանի Դաշնության և ԵՏՄ այլ երկրների հետ արտաքին տնտեսական համագործակցության ծավալների հստակեցման և ուղղությունների հետ: Տվյալ աշխատանքի արդյունքներով էլ մենք վերջնական որոշում կկայացնենք:

Ի՞նչ քաղաքական ուժի հետ եմ ես հույսեր կապում: Ինձ համար գլխավոր քաղաքական ուժը հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացիները: Եթե իմ նախընտրական ծրագիրը հոգեհարազատ և ընդունելի կլինին նրանց համար, ապա ես համոզված եմ մեր հաջողության հարցում:

2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ Ընտրական նոր օրենսգիրքը կբացառի մեծամասնական համակարգով առաջադրումն ու ընտրությունները: Մնում է միայն կուսակցական ցուցակը: Ինչ վերաբերում է կուսակցաշինությանը և (կամ) համագործակցությանը, դեռևս որևէ հստակ բան ասելը համարում եմ վաղաժամ: Ներկա պայմաններում  նոր քաղաքական կուսակցության ստեղծումը կլիներ շատ ավելի ռացիոնալ որոշում, բայց, թե ինչպես կլինի, ՀՀ արդարադատության նախարարությունն այս նախաձեռնությանը օբյեկտիվ վերաբերմունք կցուցաբերի՞, թե՝ ոչ, դժվար է ասելը:

Նաև քաղաքական համագործակցության հնարավորություն կա գործող որոշ կուսակցությունների հետ, որոնց մոտեցումները համահունչ կլինեն մեր գաղափարներին: Բայց, թե ովքե՞ր են նրանք և ո՞ւմ հետ մենք կարող ենք համագործակցել, ցույց կտա մոտ ապագան: Իմ կողմից ես պատրաստ եմ համագործակցել հայ հասարակության բոլոր առողջ ուժերի, Հայաստանում և Սփյուռքում շահագրգիռ բոլոր շրջանակների հետ, որոնք մտահոգված են Հայրենիքում առկա իրավիճակով և մտադիր են իրենց ավանդը ներդնել այն բարեկեցիկ դարձնելու համար:

Պետք է ընդգծեմ, որ մեր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին որակապես նոր իրավիճակ կստեղծի նաև Հայաստան-Սփյուռք փոխարաբերություններում: Մենք հաճախ երկար խոսում ենք տնտեսության ոլորտում նման հարաբերությունների արդիականացման մասին, բայց առանց քաղաքական մասի համագործակցության՝ տնտեսությունում և այլ ոլորտներում դժվար է հաջողության հասնելը: Իմ արտասահմանյան այցերը, Ամերիկայում, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքի երկրներում մեր սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ հանդիպումները թույլ են տալիս խոսել տվյալ նախաձեռնության վերաբերյալ նրանց մեծ հետաքրքրության մասին:

-Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ում (կայքեր, թերթեր) Դուք ենթարկվում եք այսպես ասած «քննադատության», ընդ որում՝ քննադատությունը վերաբերում է ինչպես Ձեր հասարակական գործունեությանը՝ ՌՀԱ-ի գլխավորությամբ, այնպես էլ՝ ընտանիքին: Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է դա կապված և ինչպե՞ս եք դրան վերաբերվում:       

-Քննադատությունը, եթե այն իր մեջ ճշմարտության նշույլ է պարունակում, միշտ էլ օգտակար է անհատի, հասարակության և պետության համար: Բայց եթե քննադատությունը քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաների, հավասար մրցակցության նկատմամբ պաթոլոգիկ ատելության հետևանք է և լրագրողական հանրության ծախվածության դրսևորում, ապա այդ երևույթը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքական քննադատության հետ, և հավասար է ապօրինի մեթոդներին ու արտացոլում է քաղաքական փարիսեցիությունն ու փոքրոգությունը:

Ինչ վերաբերում է ՌՀՄ-ին, պետք է հստակ հասկանալ, որ այն ռուսաստանցի հայերի համայնքային հասարակական կազմակերպություն է, որը որևէ կերպ չի մասնակցում Հայաստանում քաղաքական գործընթացներին: Մեր գործունեության 15 տարիներին հասել ենք տպավորիչ արդյունքների և հաջողության. Ռուսաստանի մեր համայնքում այլ նախադեպեր չեն եղել: Անվիճելի է՝ մենք դեռ շատ բան ունենք անելու, և ես նրանցից մեկն եմ, ով բացարձակ չի ցանկանում կանգ առնել այս ձեռքբերումների վրա: Բայց, որպեսզի առաջ գնանք, մեզ պետք է ամրապնդել ռուսաստանցի հայերի ինքնակազմակերպումը, միավորել նրանց պոտենցիալը, այլ ոչ թե՝ բաժանել լավագույնների և վատագույնների: Այս բոլոր տարիների ընթացքում ես հաճախ եմ հանդիպել քննադատների, բայց նրանց թվում չի եղել մեկը, ով պատրաստակամություն կցուցաբերեր ոչ թե խոսքերով, այլ իրական գործերով և արդյունքներով իր ավանդը ներդնել ՌՀՄ-ի զարգացման գործում:

Ինչ վերաբերում է իմ ընտանիքին: Էթիկայից դուրս եմ համարում քաղաքական քննարկումների համատեքստում ընտանիքի և անձնական հարցերի արծարծումը: Ես մեր գերդաստանի բարի ավանդույթների շարունակող եմ և դրանք փոխանցում եմ իմ երեխաներին: Այն, ինչին հասել ենք ես և իմ ընտանիքը, կմաղթեի յուրաքանչյուրին: Կարող եմ ասել, որ հայաստանյան քաղաքականության մեջ մասնակցություն ունենալու իմ որոշումից ամենաշատը դժգոհ են իմ ընտանիքի անդամները: Վստահեցնում եմ ձեզ, անձամբ եսընտրությունների միջոցով իմ բարեկեցությունը հաստատելու կարիք բացարձակապես չունեմ: Այն, ինչ իրենց թույլ են տալիս որոշ անպատկառ լրագրողներ՝ և անցնելով թույլատրելիի սահմանները, իմ կարծիքով, հասարակությունում անառողջ մթնոլորտի և «խալիֆների» պատվերը կատարելու պաթոլոգիկ ցանկության հետևանք է: Ես մարդկայնորեն խղճում եմ նրանց: Ինչ են անելու նրանք վաղը, երբ վերանա նմանօրինակ «պատվերով համերգների» անհրաժեշտությունը: Ես ցավում եմ հայ ընթերցողների համար, որոնց տեղեկատվական օրակարգը մասամբ ձևավորում են նման վայ-լրագրողները:

Ցավոք, նմանօրինակ քննադատության «սիմֆոնիան» պայմանավորված է իշխանության համար քաղաքական պայքարի կեղտոտ տեխնոլոգիաներով, ինչը վերջին տասնամյակում լայնորեն տարածված է հետսովետական շատ երկրներում և, մասնավորապես, Հայաստանում:

Այնպես որ, ինչ-որ մեկին շատ է մտահոգում իմ թեկնածությունը, ով կապված չէ տեղական կլանների հետ և չի հետևում ծառայամտության ավանդույթներին:

Իմ վերաբերմունքը նման մեթոդներին քաղաքականապես զուսպ է: Չեմ բացառում, որ ապագայում, մեր նախընտրական ակտիվությանը զուգահեռ, այդպիսի քննադատությունն առավել կսաստկանա: Բայց ինչ արած՝ երբ քարավանը գնում է, ինչ-որ մեկը հաչում է:

Vesti.am